
Աղետի գոտում վնասների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ը նախաձեռնել առաջնային կարիքների արագ գնահատման գործընթաց

Արձագանքելով Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ից տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային հայցին` ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացները։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով տեղում աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։
ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում՝ աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ, որպեսզի հնարավորինս արագ ամփոփի առաջնային կարիքների գնահատման առաջին փուլը՝ հետաղետային կարիքների խորքային գնահատման և հետաղետային վերականգնման գործընթացի նախապատրաստման նպատակով։
Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթացի շրջանակում տեղի է ունեցել նախնական և երկրորդային տվյալների վերլուծություն՝ կատարելով գնահատում համայնքներում, հստակեցնելով տուժած բնակչության և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը. արդյունքում՝ սահմանվել են ռազմավարական հումանիտար առաջնահերթությունները։
ՄԱԿ-ի գործընկերների հետ ներքին գործերի նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ աղետի գոտում իրավիճակը կայունացնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։