ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը. Բագրատ Սրբազան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են Հաղարծին։ Բագրատ Սրբազանը հնչեցրեց եկեղեցու զանգերը։
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։ Այդպես հեշտությամբ թողել ենք ամեն ինչ։
Մենք մի ազգի զավակ ենք, որին Մովսես Խորենացին անվանում էր վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ։ Մենք իրավունք չունենք մեր կյանքը դարձնենք զուտ կենցաղի մեջ ոչնչացած մի բան։
Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը, գիտությանն ու գիտակությանը, կարող ենք նայել իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք այս ժառանգության տերն ենք ու վաստակել ենք»,- իր խոսքում ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։