ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի փոդքաստում ծաղրել են աուտիզմով մարդկանց. համացանցի արձագանքը

Էս անգամ փորձեմ ինձ զսպել ու չվիրավորել որևէ մեկին, չնայած արժե, արդար կլինի, մանավանդ տափակագույն հումորի մասով, բայց լավ: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հանրապետական Վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Նարինե Մանուկյանը` անդրադառնալով «Mets Tema #3 | Narek Amirkhanyan, Tash Sarkisian, Van Grigoryan, Artur Chaparyan, Edo Hovsepyan» վերնագրով YouTube-ի հաղորդմանը: 


«Էս տղերքից միայն Արտաշին եմ ճանաչում, այն էլ հեռակա, որպես КВНի անդամ, մնացածին չգիտեմ.


Ուրեմն եթե գիտեք որևէ մեկին նշեք թող կարդան գրածս, շնորհակալ կլինեմ.


Աուտիզմը բարդ խնդիր է, որի հետ առնչվող մարդիկ ու նրանց ընտանիքները ամեն օր ԲԱՐԴԱԳՈՒՅՆ կռիվ են տալիս, իրենց կյանքը գրեթե չեն ապրում, մանավանդ Հայաստանում ու մեր տարածաշրջանում:


Հիմա դուք պիտակավորելով ծաղրում եք էդ երեխեքին, մեծերին, նրանց ընտանիքներին՝ ամենատգեղ ձևով ներկայացնելով այդ խնդիրը ունեցող մարդկանց:


Ձեր տափակ հումորը դիտում են հազարավոր մարդիկ, ցավոք, դե համատարած դեգրադացիայի ֆոնին դա համարվում է ծիծաղելի, ու դուք անկախ ձեզանից էդ մարդկանց հանդեպ կարծրատիպեր եք գեներացնում՝ ավելի բարդացնելով նրանց բարդ կյանքը:


Եթե ապրեինք քաղաքակիրթ երկրում ձեզանից վիրավորանքի դատական հայցով մի լավ, որակյալ վերականգնողական կենտրոնի գումար կստանայի ու լիքը երեխեքի համար պայմաններ կստեղծեի, բայց ցավոք ունենք ինչ ունենք.


Այսուհետ զգոն եղեք, ծաղրելու լիքը մարդ կա՝ հենց ձեր ոլորտից, հենց էդ մի քանիսիդ մեջ, հաշմանդամւթյունը ծաղրանքի առարկա չի, դա ծայրահեղ տգիտությունա»,-գրել է նա: 


Հաղորդմանը անդրադարձել են նաև լրագրող Լիկա Թումանյանը և լրագրող Նարինե Ղալեչյանը: 


Լրագրող Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ-որ մարդիկ, ինչ-որ պոդկաստում ծաղրել են աուտիզմ ունեցող մարդկանց։ Հանրային ապտակ ստանալուց հետո նրանցից մեկն ինչ-որ քոմենթում ներողություն է խնդրում։


Հիմա․ ներողությունն ընդունելի կդառնա, եթե հեղինակները հեռացնեն էդ թողարկումը, մոնտաժեն՝ հանելով վիրավորական կտորը, ու նորից ներբեռնեն YouTube. Այ դա կընկալվի որպես սխալների իրական գիտակցում ու շտկում։ Ո՞ւմ է պետք էդ ներողությունը, եթե էդ թողարկումը ոնց կա՝ տենց էլ մնա…»։




Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Լավ ո՞նց կարելի է աուտիզմով ապրող մարդուն ներկայացնել որպես փնթի, անհասկացող: Կակազող մարդուն վիրավորել ու որպես վիրավորական բառ օգտագործել «աուտիստը»։


Չափահաս մարդիկ են, մեկը մյուսից հայտնի ու հանրային դեմքեր: Առնվազն երկուսին ինքս շատ հավանում եմ ու հետևում իրենց աշխատանքին: Խորապես հիասթափված եմ:


Երեկվանից աուտիզմով ապրող բալիկների մամաները ծանր ապրումների մեջ են, գրում են, բողոքում, դժգոհում, նեղսրտում:


Գոնե հրապարակային ներողություն խնդրեք էս մարդկանցից, որ վիրավորել եք նաև իրենց երեխաներին:


Գոնե մոնտաժեք այդ հատվածը։


Բոլորով միասին կարճ ռիլով ներողություն խնդրեք, ընդունեք ձեր սխալն ու ոգևորեք, սատարեք աուտիզմով ապրող մարդկանց: Առանց այդ էլ կյանքը հեշտ չէ նրանց տրվել, ապրելը հաճախ շաաատ դժվար ու բարդ է այս հասարակությունում:


Ո՞նց կարելի է այս աստիճան աննրբանկատ լինել: Հսկայական աուդիտորիա ունեցող մարդիկ եք, պատկերացնո՞ւմ եք աուտիզմով ապրող մարդկանց հարազատների ապրումները հիմա»։



Քաղաքականություն