Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես ասում եմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Փաշինյան
2022թ. հոկտեմբերի 6-ին մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դրվի սահմանազատման գործընթացի հիմքում: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ սահմանազատումն իրականացվում է Ադրբեջանի ճնշման ներքո, դր համար էլ սկսվում է այնտեղից, որտեղ մենք պետք է տարածք զիջենք:
«Հիմա շատ կարևոր է, որ մենք նաև գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունն այդ գործընթացին, իհարկե կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի:
Հիմա գիտեք, որ նույնիսկ այդ գործընթացից առաջ եղել է Ադրբեջանի համար որպես խաղաթուղթ և որպես փաստարկ 4 գյուղերի փաստը: Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու, չակերտներով կամ առանց չակերտների, լեգիտիմացնելու առումով:
Ես ուզում եմ այս նրբությունը մենք ճիշտ հասկանանք: Ընդ որում, այս պատմությունը որևէ կերպ չի կարելի կտրված դիտարկել 2020թ. իրադարձություններից և փորձից, որովհետև ես՝ անձամբ որպես այս ամենի պատասխանատվությունը կրող անձ և պաշտոնյա, ուզում եմ նաև դա ընդգծել: Ինձ համար հասկանալի է, ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին:
Նկատի ունեմ հետևյալը՝ նրանք ասում էին, որ շատ է հնչել քննադատությունը, թե իշխանությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանխելու համար: Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակի լուծարմանը, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական բնակչություն ունեցող միավոր է, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական կառավարման ներքո է, այսինքն՝ իշխանության մեջ են ոչ միայն հայեր, այլև ադրբեջանցիներ, և նրանք համատեղ են կառավարում՝ խորհրդարանական մակարդակից սկսած, եթե իհարկե համաձայնություն լիներ Խորհրդարանի գոյության մասին և այլն, և այդպես շարունակ:
Եվ այն ժամանակ մարդիկ ասում էին, գիտեք ի՞նչ, մենք այդքան տեղեկատվություն չունեինք, Դուք ունեիք այդ տեղեկատվությունը, Դուք կայացնեիք տեղեկատվությունից բխող որոշումներ, որովհետև դա Ձեր աշխատանքն էր, դա Ձեր պատասխանատվությունն էր այդ ամեն ինչը: Իհարկե, ես դրան փաստարկ, հակափաստարկ, ինչ ունեմ ներկայացրել եմ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում, բայց այդ բոլոր ուղերձները, որոնք, այդ թվում՝ ընդդիմության ուղերձն էին, որոնք, այդ թվում՝ հանրության ուղերձներն էին, այդ բոլոր ուղերձները ես ի գիտություն եմ ընդունել, և հիմա իմ ունեցած ամբողջական տեղեկատվության հիման վրա, որոնք, ընդ որում՝ ուզում եմ ասել, այդ տեղեկատվության մեջ շատ գերգաղտնի բաներ չկան, որովհետև ժամանակակից աշխարհում տեղեկությունները բաց են, այլ բան, թե ինչ հերթականությամբ և ինչ պատկերով են այդ տեղեկությունները դասավորվում այն պաշտոնյայի սեղանին, ով այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում է:
Եվ մենք կայացնում ենք այս որոշումները: Բայց ես ուզում եմ նաև հետևյալն ասել, իմ համոզմունքն արձանագրել, որ ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում, և կարծում եմ՝ սա շատ կարևոր պրոցես է, շատ կարևոր իրադարձություն է: Ես չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց սա անկյունաքար է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը և հետագա զարգացմանը, ընդ որում՝ մեր պետության երկարաժամկետ գոյության համար»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ 4 գյուղի հարցը լուծելուց հետո Ադրբեջանը պարզապես կարող է հրաժարվել այդ նույն սկզբունքով գործընթացը շարունակելու պարտավորությունից, Փաշինյանն արձագանքեց. «4 գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին դա անելու, քան 4 գյուղերի հարցի լուծումը, ընդ որում, էլի ուզում եմ հիշեցնել՝ 4 գյուղ ասելով նկատի պետք ունենալ, որ խոսքը այնպիսի գյուղերի մասին է, որոնք երբեք չեն եղել Հայաստանի Տավուշի մարզի կազմում։
Մենք այդպիսի բնակավայրեր չենք ունեցել, և Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Եվ ահա Ձեր հարցի պատասխանը՝ այս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և այդ պայմանավորվածություններից, քան այս 4 գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի չիրականացումը:
Նմանատիպ հոդվածներ
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է. Փաշինյան
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1...
Հնարավոր է՝ ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա․սահմանազատված տեղում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու
Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամ...
Տավուշում կրակոցներ են՞. ՊՆ-ն մեկնաբանում է
Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախո...