ՀՀ բանակի բարեփոխումների մասին Ադրբեջանի մի շարք հայտարարություններ մեզ անհանգստացնում են. Նիկոլ Փաշինյան

Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և ներդրողների հետաքրքրությունների տիրույթում է, բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանը և Ադրբեջանն են: Այս տեսական թեզը, որ շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն, հատկապես վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա նրա արտահայտությունն է, որ, ի վերջո, հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառուն: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.


Իր խոսքով՝ այս առումով Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որ վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են:


«Դուք ճիշտ նկատեցիք, եթե տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, այդ հարաբերակցությունը ձևավորվում է նաև ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ, բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած բոլորս հասկանում ենք, որ դրանք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն, նաև որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի` մարտունակ բանակ ունենալու իրավունքը»,- ասել է նա:


Փաշինյանի խոսքով՝ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց այն նաև օգտագործվում խաղաղության, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար, նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որը Ադրբեջանի ձեռք բերածի 15-20 տոկոսից ավել չէ` և' ֆինանսական, և' ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ, բայց իրենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չեն թողնում:


«Մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել, առաջարկել և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ առաջարկել են նաև չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել` նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը:

Քաղաքականություն

Պատահարներ