Ով է ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության բռնված քաղաքացին․ ArmLur
Այսօր երթուղայինում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության հետ բռնված քաղաքացին Սամվել Վարդանյանն է, որը նախորդ տարի ապրիլին նորից հայտնվել էր միջադեպի էպիկենտրոնում: Նա փողոցում Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս բղավել էր «Նիկոլ, դավաճան» և դրա համար ձերբակալվել էր և հեռացվել էր աշխատանքից:
ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Վարդանյանը մանրամասներ է պատմել այսօր Հակոբ Ասլանյանի հետ ունեցած վիճաբանությունից:
«Ես հանրային պարսավանքի ինստիտուտն եմ աշխատեցրել, իմ արածը վիրավորական արտահայտություններ անել չէի բնութագրի: Նա իշխանական պատգամավոր է, ես քաղաքացի եմ, որն ունի քաղաքացիական դիրքորոշում տալու իրավունք՝ իր երկրում տեղի ունեցող իրադարձություններին և իշխանությունների քայլերի, խոսքերի վերաբերյալ: Ես ընդամենն ասել եմ այն, ինչ մտածել եմ, ի միջի այլոց, նա այնպես հարվածեց ինձ, որ հեռախոսս ու դրամապանակս տարբեր կողմեր շպրտվեցին, ինքը ոտքերով էլ փորձում էր ինչ-որ բան անել իջնելիս: Ես միայն վերբալ արտահայտություններ եմ հնչեցրել, բայց նրան չեմ հարվածել»,-ասաց քաղաքացին:
Ավելի վաղ լրատվամիջոցի հետ զրույցում Հակոբ Ասլանյանը վստահեցրել էլ, որ քաղաքացին ինչ-որ քաղաքական ուժերի դրդմամբ է նման քայլի գնացել:
ArmLur.am-ի հետ զրույցում, քաղաքացին արձագանելով մեղադրանքներին, ասաց.
«Կարող եմ բարձրաձայն միայն ծիծաղել, քանի որ իմ գործունեությունը հանրային է եղել, ես ինչ-որ ուժերի հետ երբեք չեմ ասոցացվել, ենթադրենք ժամանակին ստորագրել եմ «Հայաքվե» նախաձեռնության հայտարարության տակ, կամ ինչ-որ կուսակցություն հանրահավաք է արել, ես որպես քաղաքացի մասնակցել եմ, դա նշանակում է, որ ես կուսակցական եմ»,-ասաց Սամվել Վարդանյանը: