Տավուշի այդ փոքր գյուղերը իսկապե՞ս պետք են Ադրբեջանին. Արման Թաթոյանը՝ Ադրբեջանի մտադրությունների և Հայաստանին սպառնացող վտանգի մասին

Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։


«Գոյություն ունի սահմանների որոշման միջազգային գործընթաց։ Սահմանների որոշումը, որն այլ կերպ կոչվում է դելիմիտացիա եւ դեմարկացիա, ունի հստակ կանոններ, եւ դրանք պահպանելու դեպքում է որ կարող է ընդունելի լինել, դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Նախ կարեւոր է, որ բոլոր հարցերը քննարկվեն, ոչ թե հիմնվելով միակողմանի սպառնալիքների վրա կամ պատերազմի սպառնալիքի ներքո, այլ որ լինեն հստակ քննարկումներ երկու կողմերի միջեւ եւ հաստատված խաղաղ գործընթաց լինի։ Հաճախ մատնանշվում են ինչ-որ քարտեզներ, մեխանիկական մոտեցումներ են ցուցաբերվում՝ այս թվի կամ այն թվի քարտեզի առնչությամբ, Խորհրդային միության այս կամ այն ժամանակահատվածի քարտեզ է բերվում․ ամենից զատ կարեւոր է հասկանալ, թե ինչ փաստաթղթեր ունենք, իսկ այդ քարտեզներից բացի բազմաթիվ այլ փաստաթղթեր կան՝ անտառներին վերաբերող, ջրային ռեսուրսներին, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ։ Անհրաժեշտ է գնահատել մարդկանց իրավունքներին վերաբերող հարցերը, անվտանգությանն առնչվող խնդիրները, սեփականության իրավունքի հետ կապված հարցերը, եւ առհասարակ այն իրավիճակը, թե ինչպիսին է հիմա մարդկանց բնականոն կյանքն այնտեղ, եւ ինչ է լինելու այդ պրոցեսի արդյունքում, որովհետեւ եթե հանկարծ սահմանների որոշման արդյունքում որեւէ կերպ խաթարվում է մարդկանց բնականոն կյանքը, ապա այդ ամբողջ պրոցեսը դառնում է անընդունելի եւ անօրինական, միջազգային տեսանկյունից դա ապալեգիտիմ է․ այսինքն՝ չունի որեւէ արժեք»,- նշել է Թաթոյանը։


Արման Թաթոյանի խոսքով՝ գործընթացում եւս մի վտանգավոր գործընթաց էլ է տեղի ունենում, չի քննարկվում անվտանգությունը մարդու տեսանկյունից․


«Ի վերջո անվտանգությունը մարդու համար է, այո, անվտանգությունը երկրի համար է, հայրենիքը պաշտպանելու համար է, բայց դա նաեւ մարդու համար է, որ մարդն ապրի իր երկրում լիարժեք ու անվտանգ։ Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Ստացվում է, որ դրա արդյունքում մենք ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում ենք մեր գյուղերին, մենք վտանգում ենք բնակիչների կողմից տնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունը, վտանգում ենք նրանց կյանքն ու առողջությունը, մեր գյուղերը դնում ենք թիրախի տակ»։


Նա շեշտել է, որ հնարավոր չէ անվտանգությունն ավերելու, խաթարելու հաշվին իրականացնել սահմանների որոշում․ «Բնության մեջ գոյություն չունի նման բան։ Երկրներ կան, որ տասնյակ տարիներ իրար հետ որոշված սահման չունեն։ Այսինքն՝ դա այնքան բարդ գործընթաց է։ Օրինակ՝ Վրաստանի հետ Հայաստանի սահմանը, այնտեղ դելիմիտացված սահման չունենք, բայց հաշվի առնելով հարաբերություններն ու պայմանավորվածությունները, կան որոշակի որոշումներ, իրավիճակ, որը պահպանվում է։ Պատկերացրեք, որ այս կերպ իբր ապահովում ենք սահմանների դելիմիտացիան, եւ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում, որոնք կապված են լինում Ադրբեջանի հետ, օրինակ՝ կենդանիներն են կորում, հատկապես նման դեպքեր Սյունիքի մարզում են տեղի ունենում, շատ դեպքերում ադրբեջանցի զինծառայողները գալիս ու գողանում, տանում են։ Էլ չեմ ասում նրանց կրակոցների մասին։ Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի հետ իրավական մեխանիզմներով խոսել չի լինում։ Այսինքն՝ եթե հարց լինի, ապա նրանց կողմից խախտումների դեպքում մեր բնակիչների նկատմամբ, ինչպե՞ս ենք ակնկալելու քննություն, հնարավոր չէ, նրանք չեն քննելու դա»։


Անդրադառնալով մեր երկրի համար Տավուշի ռազմավարական նշանակությանը՝ Թաթոյանն ասել է, որ այդ 4 բնակավայրերի հանձնման դեպքում ունենալու ենք անվտանգության խնդիրներ ոչ միայն առանձին բնակիչների, այլ նաեւ ռազմավարական առումով:


Թաթոյանն ասել է, որ հանձնելու դեպքում Ադրբեջանը շատ նպաստավոր դիրքերում է հայտնվելու Հայաստանի նկատմամբ․ «Տավուշի այդ փոքր գյուղերը իսկապե՞ս պետք են Ադրբեջանին, եւ նա դրա համար պատերազմո՞վ է սպառնում։ Ադրբեջանին այս գնով դրանք որպես տարածք պետք չեն, որովհետեւ գյուղերը իրենց չափով այնքան փոքր են, որ պատերազմով սպառնալ այդ գյուղերի համար պետք չէ։ Սրանք նրան անհրաժեշտ են, որպեսզի իրականացնի անվտանգության առումով ռազմավարական թիրախի տակ վերցնի Տավուշի մարզի մեր բնակավայրերը, ավելին՝ խաթարի Հայաստանի անվտանգությունը»։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն