Ֆինլանդիան անժամկետ փակել է Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի կառավարությունը անորոշ ժամանակով երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանի փակումը։ Այս մասին հաղորդվում է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի մամուլի հաղորդագրությունում։


«Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանի անցակետերը չեն բացվի 2024 թվականի ապրիլի 15-ից։ … Որոշումն ուժի մեջ է անորոշ ժամկետով, բայց ոչ ավելի, քան անհրաժեշտ կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բացի այդ, Հապասաարիի, Սանտիոյի և Նուիջամաայի ծովային անցման կետերը կփակվեն զբոսաշրջային նավակների երթեւեկության համար։ Միջազգային պաշտպանության համար դիմումները հասանելի կլինեն օդանավակայաններում և ծովային անցակետերում, որոնք բաց են մնում:


«Գարնանը ոչ մի փաստ չստացվեց, որի հիման վրա կարելի կլիներ համարել, որ իրավիճակը սահմանին էապես փոխվել է», - Yle-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։


Ֆինլանդիան փակեց իր ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ 2023 թվականի նոյեմբերին՝ պատճառաբանելով աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից ապաստան հայցողների հոսքը։ Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին միտումնավոր նման իրավիճակ ստեղծելու մեջ։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆինլանդիայի իշխանությունները սկսել են հավատարիմ մնալ «բացառապես ռուսաֆոբ դիրքորոշմանը»։


Դեկտեմբերի կեսերին Ֆինլանդիան բացեց երկու սահմանային անցակետ՝ Վաալիմաա (ռուսական կողմից՝ «Տորֆյանովկա») և Նիիրալա («Վարտսիլա»), բայց նույն օրը կրկին փակեց դրանք։ Հելսինկիում դա բացատրել են ապաստան հայցողների նոր հոսքով։ Որոշումը պետք է գործեր մինչև ապրիլի 15-ը։

Քաղաքականություն