Դանակահարություններ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ մարտի 31-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան 142/2 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ կան դանակահարված քաղաքացիներ։ Հայտնում է shamshyan.com-ը:


Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։


Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Ժիրայր Ա․-ն է։Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Հ․-ն է։Ըստ բժիշկների վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։


Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առողջությանը վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քաղաքականություն