ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:
Մասնագետը գտնում է, որ դա կարող է բարդություններ առաջացնել հատկապես արտահանում իրականացնող հայ գործարարների համար և որոշակիորեն փոխել նաև ներքին առևտրի հաշվեկշիռը:
«Հայաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ բանկերը, գնահատելով իրենց ռիսկերը, ինքնուրույն են որոշել հրաժարվել «Միր» համակարգից: Այս պահին հայտնի է, որ բոլոր բանկերը, բացառությամբ ՎՏԲ-ի, չեն սպասարկելու նշված համակարգի միջոցով կատարվող գործարքները: Դա անխոս կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսվարողներին՝ հաշվի առնելով, որ ներկայումս մեր երկրից արտահանվող արտադրանքի 43 տոկոսը տեղափոխվում է Ռուսաստան: Իսկ դա հիմնականում պատրաստի, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք է: Խնդիրն այն է, որ ներկայումս Ռուսաստանը կտրված է աշխարհի ֆինանսական համակարգերից՝ միջազգային քարտերն այնտեղ չեն գործում: Դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի գործարարների համար՝ հանգեցնելով կողմնակի ծախսերի աճի: Արդյունքում շատ գործարարներ, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում ռուսական շուկայում, ստիպված կլինեն հրաժարվել այլ բանկերի ծառայություններից և օգտվել «Միր» համակարգով գործարքներ կատարող ՎՏԲ բանկից»,- նշեց մեր զրուցակիցը:
Աղասի Թավադյանը մատնանշեց, որ 2023 թվականին, երբ Հայաստանում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ, միայն բանկային ոլորտն է բացասական ցուցանիշ ունեցել երկրի ՀՆԱ-ում: Տնտեսագետի գնահատմամբ՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականին Հայաստանից կապիտալի արտահոսքն աճել է 55 տոկոսով, իսկ ներհոսքը դանդաղել է, ինչի հետևանքով բանկային ոլորտի ծավալները մոտ 6 տոկոսով կրճատվել են:
«Այս տարի նույնպես նկատվում է կրճատման միտում: Այսինքն, 2024 թվականին բանկային համակարգում ռիսկերը մեծ են: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապիտալի մեծ մասը բանկային համակարգից ուղղվել է շինարարության ոլորտ: Երկրորդ ռիսկն այն է, որ Հայաստանի գործարարներից շատերը Ռուսաստանի հետ են համագործակցում, և դա կարող է նրանց համար բարդություններ առաջացնել կապիտալը դուրս հանելու առումով: Ըստ էության, մեր բանկային համակարգը պետք է որ հաշվարկած լինի այդ ռիսկերը, սակայն Հայաստանի բանկերը, պատկերավոր ասած, հայտնվել են երկու քարի արանքում: Մի կողմից՝ ստիպված են հրաժարվել «Միր» քարտերը սպասարկելուց, ինչը հանգեցնելու է վերոնշյալ խնդիրներին, մյուս կողմից՝ այդ քարտերի հետագա սպասարկումը հղի է պատժամիջոցների կիրառմամբ:
Աղասի Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման կտրուկ սահմանափակումը կարող է անդրադառնալ նաև ներքին առևտրի վրա:
«2022 թվականին Հայաստան է եկել մոտ 130 հազար ռելոկանտ: Հիմա նրանց զգալի մասը վերադարձել է Ռուսաստան կամ էլ տեղափոխվել է այլ երկրներ, որտեղ որոշ պայմաններ ավելի լավն են: Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է տրանզակցիաները (խմբ․ դրամական միջոցների փոխանցումը հաշվից հաշիվ և ցանկացած գործարք, որը կատարվում է բանկային հաշվի կամ քարտի միջոցով) և կարող է հանգեցնել ռելոկանտների հավելյալ արտահոսքի: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները»,- եզրափակեց Աղասի Թավադյանը: