Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ընդհանրապես Հայաստանի գործող իշխանությունների փոխարինող չի Արցախի կառավարությունը, իսկ ինչ վերաբերվում է Արցախի իշխանության վտանգ ներկայացնելուն, ապա դա մանիպուլյացիա է, Արցախը երբևիցե Հայաստանի համար վտանգ չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը՝ մեկնաբանելով ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:


«Արցախի օրենսդիր մարմինը իր գործունեությունը շարունակում է, և մենք այս ընթացքում օրենքներում փոփոխություններ ենք արել, կապված տեղահանված լինելուց հետո կուտակային կենսաթոշակների հետ: Մենք հիշում ենք մի քանի պաշտոնական գրություններ, երբ որ հարցադրում էին արել թե կառավարությանը, թե ԿԲ-ին այդ օրենքի նախագծի մասով և իրենք են ասել, որ իրենք իրավասու չեն, պետք է դիմել Արցախի պետական մարմիններին»,- ասել է նա:


Ըստ Գալստյանի՝ դա նշանակում է, որ Արցախի պետական մարմինները գործում են:


Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող, Դավիթ Գալստյանն ասաց. «Երբ որ խոսում են, թե իբր չկա Հայաստանում այլ կառավարություն, իհարկե Հայաստանում կա մի կառավարություն, դա Հայաստանի Կառավարությունն է, իսկ Արցախի ներկայացուցչությունում գործում են գործադիր և օրենսդիր մարմինները, որոնք զբաղվում են հենց արցախահայերի Արցախ վերադարձի մեր իրավունքը պաշտպանելով՝ հույս ունենալով համախմբում կապահովենք, որպեսզի կարողանանք մենք մի օր վերադառնանք Արցախ»:


Դավիթ Գալստյանի պնդմամբ այս գործող իշխանությունների փոխարինող չի այդ կառավարությունը:


«Ինչ վերաբերվում է Արցախի իշխանության վտանգ ներկայացնելուն, ապա դա մանիպուլյացիա է, Արցախը երբևիցե Հայաստանի համար վտանգ չի եղել, և ես տեղին չեմ համարում մեկնաբանել մի մարդու, ով վերջին 1 ամսում 10-ից ավել հակասական ինֆորմացիա է տալիս, մանիպուլացնում հայ ազգին»,- ասել է նա:


Հարցին՝ ինչ սպառնալիքների մասին կարող է խոսք գնալ, որի մասին Փաշինյանն ասում էր այսօրվա նիստում, Գալստյանը պատասխանեց․ «Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի: Փաշինյանը ընդունում է, որ Արցախի պատերազմի թիվ մեկ պատասխանատուն ինքն էր, բայց մեղավոր չի: Երևի, այս պահին իշխանությունը պահելու համար այդպես խոսեց, որին մեկնաբանություն անել չեմ կարող: 2020 թվականից հետո, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն միտված է իր իշխանությունը երկարաձգելու համար, այլ կերպ այդ հայտարարությունները բանականությունից ոչ զուրկ մարդու մոտ չի տեղավորվում»:

Քաղաքականություն

Պատահարներ