Դա կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» գործողության համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն` մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կայանալիք հանդիպումը, որի շրջանակում կքննարկվեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:


Հաջիզադեն նշել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի՝ նման բացահայտ հայանպաստ դիրքորոշումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ն կաջակցեն իրեն Ադրբեջանի դեմ հերթական հնարավոր սադրանքներում: Այդ դեպքում ԵՄ-ը և ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար։


«Այն ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա ստեղծվում է եզակի հնարավորություն հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում լարվածության և անկայունության նոր ալիքներ», - նշել է նա:


2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։




Քաղաքականություն

Պատահարներ