ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրոկուսում ահաբեկչության հեղինակները արմատական իսլամիստներն են. Պուտին
Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգային համալիրում ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հարձակումից հետո ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հետախուզական կառույցների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք գիտենք, թե ում ձեռքով է այդ ոճրագործությունն իրականացվել Ռուսաստանի և նրա ժողովրդի նկատմամբ։ Մեզ հետաքրքրում է, թե ով է պատվիրատուն։ Մեր հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։ Օրինակ, արմատական և նույնիսկ ահաբեկչական իսլամական կազմակերպություններն իսկապես շահագրգռված են հարված հասցնել Ռուսաստանին, որն այսօր հանդես է գալիս մերձավորարևելյան սրացող հակամարտության արդարացի լուծման օգտին»,- ասաց նա:
Երկրի ղեկավարը նշել է, որ ահաբեկչությունը ծրագրողները հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, սակայն նրանց դիմավորեցին միասնությամբ և վճռականությամբ։ Պուտինի խոսքով՝ մեկ այլ հարց, որի պատասխանը պետք է գտնեն հատուկ ծառայությունները, այն է, թե ով էր սպասում ահաբեկչության հեղինակներին Ուկրաինայի կողմում։