
Ալիևը «պարզաբանել է», թե ինչու է հայաթափել Արցախը, ինչու է սկսել 44-օրյա պատերազմը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը տարիներ շարունակ, իբր, «աշխատել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»։ Ըստ նրա՝ Մինսկի խմբի գործունեության հիմնական նպատակը ոչ թե հակամարտության լուծումն էր, այլ «դրա սառեցումը՝ ի օգուտ Հայաստանի»։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Ալիևի խոսքով՝ 2018 թվականին հնարավորություն կար խաղաղ հանգուցալուծման շուրջ համաձայնության գալ, երբ Հայաստանում փոխվեց կառավարությունը․ «Այն ժամանակ մենք Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ նրանք կվարվեն միջազգային իրավունքին համապատասխան և տարածքները կվերադարձվեն։ Մենք նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա է, ապա մեր ինքնիշխանությունը հարկադրաբար վերականգնելու անհրաժեշտություն չէր լինի։
Սակայն, ցավոք, 2019 թվականին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել։ Օրինակ, պահանջում էր, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների հետ։ Խաղաղ համաձայնագրի հիմունքների վերաբերյալ մեր բոլոր մշակումները պետք է ջնջվեին, ստիպված կլինեինք ամեն ինչ զրոյից սկսել, իսկ Հայաստանը չէր պատրաստվում վերադարձնել ոչ մի թիզ օկուպացված տարածքներ»,-ասել է նա և հավելել, որ Հայաստանի վարչապետի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, իբր, միջազգային իրավունքի բացարձակ խախտում է։
Ալիևը նշել է՝ այդ պատճառով են սկսել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմը:
Ադրբեջանի նախագահը նաև «պարզաբանել է», թե ինչու է հայաթափել Արցախը։ Ալիևի մեկնաբանմամբ՝ պատճառը եղել է այն, որ Հայաստանի վարչապետը նամակ է հղել Արցախի ղեկավարությանը՝ շնորհավորելով նրանց անկախության կապակցությամբ։
«Սա մեծ ու վատ անակնկալ էր մեզ համար, քանի որ նույն Հայաստանի վարչապետը 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հրապարակավ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Ալիևը ու որպես երկրորդ պատճառ նշել Արցախում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները: