Գները նվազում են, ռիսկերը մնում են բարձր. ԿԲ նախագահ
2024թ–ի փետրվարին 12–ամսյա գնաճը ՀՀ–ում շարունակել է նվազել` կազմելով -1.7 տոկոս։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ճնշումները շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024թ–ի առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական առևտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել , տարեկան գնաճը` նվազել»,– ասաց նա` մեկնաբանելով ՀՀ ԿԲ խորհրդի`վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցնելու որոշումը։
Չնայած վերոհիշյալ հանգամանքին` ԿԲ նախագահն ընդգծեց, որ գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր մակարդակում` միջազգային շուկայից եկող գնաճային ճնշումների պատճառով։ Դրանք են մասնավորապես Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում մատակարարման շղթաների խաթարումն ու Չինաստանում ֆինանսատնտեսական խնդիրների սրումը, որոնք համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության ռիսկեր են առաջացնում։
Հիշեցնենք` մարտի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանվել է 10%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝ 7%:
Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: