Կառուցապատողները դժգոհում են. փոխքաղաքապետի արձագանքը
Իրավիճակն ահագնացող է. Կադաստրի տվյալների համաձայն, նախորդ եռամսյակում ունենք բնակարանների վաճառքների անկում ավելի քան 25 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։
Կառուցապատողը նախ ուշադադրություն հրավիրեց հանրային ծառայություն (գազ, լույս, ջուր) մատուցող ընկերությունների առաջարկած պայմաններին:
«Եթե դուք նոր քաղաքաշինական նախագիծ եք սկսում Երեւանում եւ, օրինակ, մի փոքր մեծ է ձեր քաղաքաշինական նախագիծը եւ դուք դիմում եք ջրի տեխպայման ստանալու համար, ձեզ այսօր ուղարկում են Հրազդանից ջուր բերելու: Դա հանրապետական նշանակության ճանապարհի եզրով մոտ 60-70 կմ,. հազարավոր հողերի միջով ջուր բերելու մասին է խոսքը: Իրականում ոչ մի կառուցապատողի համար դա հաղթահարելի խնդիր չէ: Հաջորդը ՀԷՑ-ի միացման սակագինը 5-ապատիկ ավելացնելն է: Հաջորդը գազի միացման խնդիրն է: Մենք խնդիր ունենք, որ գազատարի հզորությունները «Գազպրոմի» ասելով չեն բավարարում եւ պետք է նոր գազատարներ կառուցվեն, որոնք կառուցվում են Երևանի ծայրամասերից։ Եթե դուք ունեք կառուցապտում Կենտրոնում կամ Արաբկիրում, գազը պետք է բերեք մոտավորապես Աբովյան քաղաքից, Ջրվեժից հարող տարածքից»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում թանկացել են բնակարանները, համեմատության համար նշեց, որ հարևան Վրաստանի մայրաքաղաքում բնակարանը մոտավորապես 60 տոկոսով ավելի էժան է, քան Երևանում։
Նշենք, որ Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի անգամ ավել գումար։
Հավելենք, որ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ վստահեցնում է՝ ամենևին նպատակ չունեն խոչընդոտելու կառուցապատման բիզնեսը:
Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մի քանի տեսակի վճարներ չեն կիրառելու՝ կառուցապատողների հետ քննարկման արդյունքում: Մարտ ամսին ևս Երևանի քաղաքապետարանում շարունակելու են քննարկումները կառուցապատողների հետ:
«Մենք շատ լուրջ վերլուծություն ենք կատարել: Այլևս համաձայն չենք եղել, որ քաղաքի ցանկացած մասում գործող քաղաքաշինական նորմերով կառուցապատողը կարող է գալ և Երևան քաղաքին վճարել 700 հազար դրամ և, չկառուցապատելով մանկապարտեզ, չթարմացնելով կոյուղին, կոմունալ առումով հավելյալ բեռ ստեղծելով միջավայրի համար, ընդամենը ստանալով գերշահույթ, վաճառել բնակարաններ և անցնել հաջորդ ծրագրին: Այդպես չի լինում: Մենք ցանկացած կառուցապատողի հետևից այդ 700 հազարի դրամից ավելի շատ ու շատ ծախսեր էինք անում »,-ասել է Հովհաննիսյանը: