Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-եր, ռազմական տեխնիկա է գնում. Տիգրան Բալայան

Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին այլ երկրներից անօդաչու թռչող սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն այդ մասին ասել է Brussels Signal-ի հետ զրույցում:


Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և Թուրքիայից: Այս առաքումները, ենթադրաբար, ներառում են անօդաչու սարքեր:


«Ադրբեջանի ռազմական տեխնիկայի 60 կամ 70 տոկոսը գալիս է Իսրայելից, այնուհետև Թուրքիայից», - ասել է Բալայանը:


Նա նաև նշել է, որ ավելացել են ռազմական թռիչքները Սերբիայից, որը վերջերս հայտարարել է Ադրբեջանին հրետանային տեխնիկա վաճառելու մտադրության մասին:


Բալայանը, խոսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել, ասել է․ «Այդ հարձակումը մեսիջ էր ոչ միայն Հայաստանին, այլ նաև Բրյուսելին»։


Բալայանը հավելել է, որ միջադեպը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ։


Բալայանը հարձակումը որակել է որպես բացահայտ մարտահրավեր՝ ուղղված տարածաշրջանում ԵՄ «իշխանությանը»:


Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի վերջ դնել Հայաստանի հետ հակամարտությանը։


«Չնայած բոլոր նախազգուշական կոչերին՝ Ադրբեջանը չդադարեցրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ գործողությունները, սպանությունները և սադրանքները»,- ասել է նա: