Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան

Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր։


«Տարածաշրջանային հարցերը շատ կարևոր են մեր օրակարգում։ Ցավոք, մենք ունենք լարվածության նոր փուլ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վերջերս ունեցել ենք էսկալացիա և զոհեր։ Վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Եվ սա մի իրավիճակ է, որը ես կցանկանայի քննարկել ձեզ հետ»,– նշեց նա։


Հայտնել ենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունեցավ։


Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը կարևորում է այն առաջընթացը, որ առկա է այսօր երկու երկրի միջև։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ պաշտոնական Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ–ի հետ։


X-ի իր միկրոբլոգում էլ Փաշինյանը գրել է, որ հանդիպման ընթացքում ընդգծել են խաղաղության և կայունության հանձնառությունը։