Ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ․ Ջհանյան
Եթե 2022 թ–ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ներառված էր 8 հանքարդյունահանող կազմակերպություն, ապա դրանց թիվը 2023 թ–ին դարձել է 5։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի» տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
«Ընդհանուր մեր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022–ի հետ։ Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտ է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունեցավ ոլորտի վրա։ Վերջին երեք տարում տեսնում ենք դրամի փոխարժեքի ամրապնդում, որը մեծ բացասական ազդեցություն ունի մեր ոլորտի համար։ Դրամի արժևորումը դրական ազդեցություն ունի միայն ներմուծողների համար»,– նկատել է նա։
Ջհանյանը համեմատական տվյալներ է ներկայացրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկից։ 2023 թ–ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում բացի ԶՊՄԿ–ից, կա ևս 4 հանքարդյունահանող կազմակերպություն, որոնք միասին վճարել են մոտ 30 մլրդ դրամի չափով հարկ։ Մինչդեռ 2022 թ–ին խոշոր հարկատուների ցանկում կար 8 կազմակերպություն, որոնք միասին վճարել էին մոտ 90 մլրդ դրամի հարկ։
Ինչ վերաբերում է կոնկրետ ԶՊՄԿ–ին, Ջհանյանի խոսքով` 3–րդ տարին անընդմեջ շատ մեծ առավելությամբ այն առաջատարն է ցանկում։ Մինչդեռ, ըստ Ջհանյանի, 2014–21 թթ ընթացքում ԶՊՄԿ–ն ընդամենը մեկ տարի է եղել առաջատար։
Ջհանյանը նաև ընդգծել է․ «Վերջին երեք տարում նոր սեփականտիրոջ և ղեկավարության նշանակումից հետո մենք անընդմեջ առաջատարն ենք։ ԶՊՄԿ–ն գրանցում է և՛ շահույթների, և՛ վճարված հարկերի աճ»։