ՀՀ ԱԳ նախարարը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Այսօրվա ամփոփիչ ասուլիսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Հարգելի գործընկերներ, տարվա սկզբից Հարաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը: Սա վերաբերում է ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց մասնավորապես նաև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքմանը, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկին, նաև տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը:


Մեզ համար այս գործընթացում շարունակել են առանցքային մնալ մի շարք սկզբունքներ: Ես կարող եմ և անհրաժեշտ եմ համարում թվարկել: Հակիրճ, նախ և առաջ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողող ձևակերպումների: Մյուսը՝ երկու երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա: Գիտեք, որ մենք մշտապես խոսել ենք 1974-78 թվականների քարտեզների մասին, որպես այս իրողությունը, այս նշածս սկզբունքները արտացոլող ամենաթարմ քարտեզներ:


Հետաքրքրական է, որ առաջարկ է եղել օգտագործել 1974-90 թվականների քարտեզներ: Այս առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը: Որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց առաջ անցնելով, և նաև ենթադրում եմ, հարցեր կլինեն այդ մասին, նշեմ, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում:


Բայց վերադառնալով սկզբունքներին՝ ուզում եմ կրկին արձանագրել, որ Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, ընդ որում իրավական առումով անխոցելի, հնարավորինս հստակությունն առանցքային է, և այս կոնտեքստում ուզում եմ նորից հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը:


Ավելորդ չի նորից ասել, ինչի մասին է սա: Կհիշեք երևի, Ալմա-Աթայի հռչակագրով Խորհրդային միության նախկին 12 հանրապետությունները, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են, ընդունել են, և հետագայում որևէ մեկը վերապահում չի հայտնել այս մասին, որ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև ադմինիստրատիվ, վարչական սահմաններն այդ հռչակագրի ընդունմամբ հետայսու ճանաչվում են բոլորի կողմից իբրև նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ: Սա կրկին, ինչպես ասում են, բավականին առանցքային համաձայնություն է:


Եվ սա մի համաձայնություն է, որը բացի նրանից, որ 1991 թվականին պայմանավորվել են Հայաստանը և Ադրբեջանը և մյուս հանրապետությունները, բայց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ըստ էության վերահաստատել են, օրինակ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և արդեն հետագա նաև մի շարք հանդիպումների ընթացքում:


Վերադառնալով սկզբունքներին, համաձայն որոնց մենք պատկերացնում ենք խաղաղության գործընթացը՝ երրորդ, թերևս, էական սկզբունքը կրկին հայտնի է բոլորին՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո և համաձայն փոխադարձության և հավասարության սկզբունքների:


Սա ևս, մեծ հաշվով, մի բան է, որի շուրջ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ և ունենք, ըստ էության, փոխըմբռնում և փոխհամաձայնություն, բայց նորից անդրադառնալով վերջին հայտնի հարցազրույցին, ուզում եմ ասել, որ այստեղ ևս տեսնում ենք հետընթաց ադրբեջանական կողմից»։

Քաղաքականություն