Ի՞նչ կապ ունեն Եսայան եղբայրներն ու Ալիշեր Ուսմանովը QR-ների մոնոպոլ բիզնեսի հետ․ «Հետք»
Իբրեւ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը ենթարկվում է վերպետական այդ կառույցի կանոններին։ Դրանցից մեկը միության տարածքում նոր ներդրված՝ ապրանքների նույնականացման միասնական համակարգն է։
«Հետք»-ը պարզել է անսահման այդ բիզնեսի սեփականատերերին, որոնք կապվում են Հայաստանում 2018 թ.-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարար եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների և ուզբեկական ծագմամբ ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի հետ։
ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանն առաջինը ներդրեց ապրանքների դրոշմավորման համակարգը։ Դա ենթադրում էր Դաշնություն ներմուծվող որոշ ապրանքների վրա QR կոդերի փակցնում, որով կվերահսկվեր ապրանքի իրացման ողջ շղթան՝ արտադրման պահից մինչև վաճառք։ Օրինակ՝ Միության անդամ երկրներից ծխախոտ և ալկոհոլային խմիչք ՌԴ արտահանելիս այդ ապրանքներից ամեն հատի վրա պետք է փակցված լինի «QR» կոդ։ Հետագայում այս պահանջը տարածվեց Միության անդամ մյուս երկրների վրա։ Հայաստանում այսօր ծխախոտը, ալկոհոլային խմիչքները այդ թվում՝ գարեջուրը, ջուրը, դյուրակիր համակարգիչներն ու բջջային հեռախոսներն արդեն վաճառվում են «QR» կոդով։ Խանութները ապրանքները սկանավորում են վաճառքի ժամանակ, որից հետո վաճառվող ապրանքի տվյալները փոխանցվում են Պետական եկամուտների կոմիտե։ Նպատակը ստվերի և կեղծ ապրանքների շրջանառությունը բացահայտելն է։ «QR» կոդերը եկան փոխարինելու ակցիզային դրոշմանիշին։
Տնտեսվարողները՝ արտադրողներն ու ներմուծողները, QR կոդերը ստանալու, որոշ դեպքերում՝ դրանք տպելու համար վճարում են։ 1 հատ QR կոդն արժե 4.2 դրամ, իսկ տպագրությունը՝ 2.2 դրամ։ Առանց արտադրական պրոցեսում առաջացած այլ ծախսերի՝ միայն QR ստանալու և 1 միավոր ապրանքի վրա փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ։ Օրինակ՝ նախորդ տարվա 11 ամսում Հայաստանում շշալցվել է 53 միլիոն լիտր ջուր։ Եթե հաշվենք, որ արտադրված ջուրը շշալցվել է 1-ական լիտր ծավալով տարաներում, ապա ստացվում է, որ 53 միլիոն հատ QR կոդ է ստացվել, որն արժե 222 միլիոն դրամ (առանց տպագրական ծախսի)։
2020 թ.-ի դեկտեմբերին կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն կառավարության որոշմամբ ընտրվեց ազգային օպերատոր։ Կոնսորցիումով միավորվել են ՌԴ-ում հիմնադրված «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» և «ԱյՄարկ» ՍՊԸ-ները, որոնց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։
2020 թ.-ին Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, որ ՌԴ-ում ուժի մեջ է մտնում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը։ Զուգահեռաբար, արգելվեց առանց մակնշման նշված ապրանքների վաճառքը։ ՊԵԿ-ը նաև ազդարարեց, որ կառավարությունը կսահմանի Հայաստանի ազգային օպերատորին։ Նույն տարում ստեղծվեց ազգային օպերատոր ընտրելու միջերատեսչական հանձնաժողով, որի նիստում հաստատվեցին ազգայինն օպերատրի ընտրության կարգը և ազգային օպերատորին և ներդրվող համակարգին ներկայացվող պահանջները։
Ապրանքների դրոշմավորման համար կառավարությունն ազգային օպերատոր է ընտրել, որին տրվել է ապրանքների նույնականացման բացառիկ իրավունքը։ ԵԱՏՄ անդամ երկրներում մեկից ավելի ազգային օպերատոր չի կարող լինել։
«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ .-ին։ Ընկերությունը 50/50 փայերով երկու բաժնետեր ունի՝ Ռուսաստանում գրանցված «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ-ն և Հայաստանում հիմնադրված «Ֆրուկտուս» ՍՊԸ-ն։ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Սեդրակի Եսայանն է։ «Ֆրուկտուս»-ը հանդիսանում է մեկ այլ ընկերության՝ «Նորդերն թերուար» ՍՊԸ-ի 4.8 %-ի փայատերը, բաժնետոմսերի մյուս մասը՝ 95.2 %-ը, պատկանում է «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ին: «Նորդերն թերուար»-ի իրական շահառուն Հայկ և Ալեքսանդր Եսայաններն են։ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի բաժնետր Նարեկ Եսայանը 2018 թ-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարարներ Նարեկ և Ալեքսանդր Եսայանների ազգականն է։
«Հետքը» գրավոր հարցմամբ Հայկ Եսայանից փորձեց պարզել՝ արդյո՞ք նրա և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հնարավոր կապի շնորհիվ է, որ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ն ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման բիզնեսի մաս է կազմել, և ճի՞շտ է, որ ինքը և «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի 100% բաժնետեր Նարեկ Եսայանը ազգականներ են։ «Թիմ» ՍՊԸ-ի բաժնետեր Հայկ Եսայանը գրավոր պատասխանում հաստատեց, որ ապրանքների նույնականացման ազգային օպերատորի բաժնետեր «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Եսայանն իր ազգականն է։ «Ձեր հարցման առաջին պարբերության մեջ նշվածի մասին տեղեկացա հենց Ձեր հարցումից։ Այսինքն՝ մինչ այդ ես տեղեկացված չէի թե 2021թ․ ՀՀ կառավարության որոշման, թե որպես ԵՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ, «Ցենտռ ռազվիտյա պերսպեկտիվինիխ տեխնոլոգիյ» ՍՊ և «ԱյՄարկ» ՍՊ ընկերությունների ընտրվելու մասին»,-պատասխանել է Հայկ Եսայանը։
«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ-ն, ռուսական РБК-ի փոխանցմամբ, կապվում է ուզբեկական ծագմամբ ուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ։ ՌԴ հարկային ծառայության տվյալների բազայում առկա տեղեկատվության համաձայն, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ-ի (Центр развития перспективных технологий) հիմնադիրները երեք այլ ընկերություններ են՝ «ՑՌՊՏ-մենեջմենթ»(ЦРПТ-МЕНЕДЖМЕНТ), «ԷԼՎԻՍ-Պլյուս գրուպպ» (ЭЛВИС-ПЛЮС ГРУПП) և «Մդոմ» ՍՊԸ-ները։ «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ-ն կոնսորցիումով հանդես եկեղ մյուս ընկերության՝ «ԱյՄարկ» ՍՊԸ-ի (АЙМАРК) բաժնետերն է։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ալիշեր Ուսմանովը հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների ցանկում։ Արդյո՞ք Ուսմանովի՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված լինելու հանգամանքը և նրան պատկանող ընկերության հետ գործընկերությունը խնդիրներ, խոչընդոտներ չեն առաջացնում ՀՀ և ԵՄ հարաբերություններում։ Կառավարությանն ուղղված մեր հարցմանը Պետեկամուտների կոմիտեից են պատասխանել։ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Ներսես Զեյնալյանի խոսքով, բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ ապրանքների նույնականացման ազգային օպերատոր «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ-ի հիմնադիր երեք ընկերությունները ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված չեն։ «Հարցը չի քննարկվել ԵՄ գործընկերների հետ, քանի որ վերջիններիս հետ երկկողմ օրակարգային թեմա չի հանդիսանում, և Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտություն չի տեսնում հարցը դարձնել քննարկման առարկա»,- պատասխանել է ՊԵԿ պաշտոնյան։
Հայկ և Ալեքսանդր Եսայանները հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին «Յուքոմ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։ 2020 թ.-ին, երբ «Յուքոմի» խոշոր բաժնետերերը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, «Յուքոմում» քաոս սկսվեց։ Ընկերության տնօրեն և բաժնետեր Հայկ Եսայանն ազատման դիմում գրեց, նրա օրինակին հետևեցին ընկերության հարյուրավոր աշխատակիցներ։ «Յուքոմը» հայտնվեց ճգնաժամում, որից հետո Հայկ Եսայանը հայտարարեց, թե ցանկանում են գնել ընկերության 94% բաժնետոմսերը։ Ստեղծված իրավիճակը մամուլը կապում էր իշխանությունների կողմից «Յուքոմի» բաժնետոմսերի հնարավոր վերաձևակերպման հետ՝ Ալեքսանդր և Հայկ Եսայանների միջոցով, ինչը վերջինս հերքեց։ «Յուքոմում» հաջողություններ չգրանցելուց հետո Եսայան եղբայրներն իրենց նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ով ձեռք բերեցին կապի մեկ այլ օպերատորի՝ «Բիլայնի» բաժնետոմսերը։
Կարճ ժամանակ անց ընկերությունում փոխտնօրենի պաշտոն ստացավ Վարագ Սիսեռյանը, որը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարն էր (Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ժամանակ)։
«Բիլայնը» ձեռք բերելիս Եսայան եղբայրները հիմնադրեցին «Թիմ սոլյուշնս» ընկերությունը և միլիարդավոր դրամների պայմանագրեր կնքեցին և շարունակում են կնքել Պետեկամուտների կոմիտեի հետ։ Եսայանների հաջորդ խոշոր գործարքը «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի ձեռք բերումն էր։ «Թիմ» ընկերություների խումբը հյուրանոցը ձեռք բերեց իտալական «Ռենկո» ընկերությունից։