
311 դատավորներից 209-ը նոր մարդիկ են, այսինքն` նշանակվել են 2018 թ․-ից հետո․ ԲԴԽ նախագահ

Դատական համակարգում վեթինգը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նախընտրական հիմնական խոստումներից էր, ըստ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի` 80%-ով իրականացվել է: Այդ մասին Անդրեասյանն ասաց ՍիվիլՆեթի հետ զրույցում:
Այն, թե ինչ է նշանակում դատավորների վեթինգի գործընթացի 80%-ով իրականացումը, Կարեն Անդրեասյանը բացատրում է նետևյալ կերպ. «311 դատավորներից 209-ը նոր մարդիկ են, այսինքն` նշանակվել են 2018 թվականից հետո»:
Դատավորների կոռումպացվածության մասին քննարկումները Հայաստանում նոր չեն: Այդ խնդրին անդրադարձել են միջազգային կազմակերպությունները, իսկ Կարեն Անդրեասյանը, երբ ղեկավարում էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, 2013-ին անգամ զեկույց էր հրապարակել, որում նույնիսկ նշվել էին «դատական կաշառքի սակագները»:
Լուծումը, ըստ Անդրեասյանի, հեղինակազրկված դատավորների հեռացումն էր, որը նրանք մեծ մասով արդեն իրականացրել են:
«Մենք ասում էինք, որ դատական համակարգի հեղինակազրկված վիճակում պետք է դատավորների կազմի մեծ փոփոխություններ տեղի ունենան: Դատավորների գոնե մեծ մասը պետք է գնա և նորերը գան: Սա էր վեթինգի գաղափարը: Իսկ մնացած դատավորներն էլ պետք է ստուգվեն, դա էլ կոչվում է հիմա բարևարքության ստուգում», – նշում է ԲԴԽ նախագահը:
Այժմ, նրա խոսքով, դատավորների 60%-ը նոր մարդիկ են, որոնց «բերել է Բարձրագույն դատական խորհուրդը»:
«Իսկ մնացած 20%-ը (բարեփոխված 80%-ից) անցել են բարևվարքության ստուգում, քանի որ դիմել է պաշտոնի առաջխաղաղացման համար», – նշում է Անդրեասյանն ու հավելում, որ բոլոր դատավորները ժամանակ առ ժամանակ պետք է անցնեն բաևարքության ստուգում, որն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Կարեն Անդրեասյանը նշում է, որ այդ հանձնաժողովի կարծիքները բարևվարքության վերաբերյալ 90%-ով հաշվի են առնվել, իսկ մնացած 10%-ի վերաբերյալ ԲԴԽ-ն ինքնուրույն է որոշումներ կայացրել:
«Եթե մենք բավարարեինք ամբողջությամբ այն, ինչ տար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կստացվեր մենք բուտաֆորիա ենք: Այսինքն, իրենք են որշում դատավորն առաջ գնա, թե ոչ, դատավոր դառնա մարդը, թե ոչ»,- նկատում է Կարեն Անդրեասյանը։
ԲԴԽ նախագահը «մեծ անարդարություն» է տեսնում, որ վերոնշյալ փոփոխություններից հետո մարդիկ նույնչափ դժգոհ են դատական համակարգից, որչափ դժգոհ էին մինչև 2018-ի հեղափոխությունը։
«Այստեղ կա մի մեծ անարդարություն, կա մի մեծ իներցիա: Սա վերածվում է ազգային ողբերգության, երբ լավին լավը չի ասվում և ամբողջը կայուն, անընդհատ ցեխարձակումների տակ է մնում: Սա ուղղակի անհուսության է բերում»,- ասում է նա։