
Մեր ուսուցիչները չափից դուրս շատ կառչած են դասագրքից․ ԿԳՄՍ նախարար

Մեր դպրոցի հիմնական խնդիրներից մեկը նաեւ այն է, որ մեր ուսուցիչները չափից դուրս շատ կառչած են դասագրքին: Այս մասին այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբեմն ծրագրով նախատեսված է մի բան, սակայն դա դասագրքերում ներառված չէ:
«Եթե դուք որեւէ այլ որակյալ կրթական համակարգ ունեցող երկրում նայեք, ապա լավ կրթությունն այն է, երբ կարողանում ես օգտագործել տարբեր նյութեր: Սա նաեւ տարբեր նյութերից օգտվելու հմտություն է զարգացնում, այդ տեղեկատվությունը համադրելու, եզրակացության գալու: Մենք շատ ենք կառչած դասագրքից, մեզ թվում է, որ եթե դասագրքում գրված է Ա կամ Բ, դրանով ամբողջ դպրոցի հարցը որոշվում է, այդպես չէ: Մենք կարող ենք մի առարկայի համար ունենալ մի քանի դասագիրք, եւ ուսուցիչը որոշի օգտագործել բացի դասագրքից եւս 4-5 տարբեր նյութ: Պարտադիր չէ, որ այդ նյութերը լինեն էլեկտրոնային: Ինչ վերաբերում է 12-րդ դասարանին, մենք դռեւս այս դասարնների համար չունենք նոր դասագրքեր, հայտարարված են մրցույթներ մյուս տարվա ապրիլին դրանք կբացվեն այն դասարանների համար, որտեղ նոր չափորոշիչը մուտք կգործի հաջորդ տարվա սեպտեմբերից»,-ասաց նախարարը և հավելեց՝ այս տարի անցնում են ուսումնական նյութերով, ոչ թե դասագրքերով: