
Արսեն Թորոսյանն արձագանքել է Բայրամովին

Բաքուն որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացնում՝ մերժելով սահմանից զորքերը հայելային հետ քաշելու Երևանի առաջարկը, արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությանը՝ ասում է իշխող ուժի պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։
Թորոսյանի կարծիքով՝ Ադրբեջանն իր բանակցային դիրքերը ուժեղացնելու պատճառով է մերժում հայկական կողմի առաջարկը, մինչդեռ եթե Բաքվի նպատակն իրական խաղաղությունն է, ապա պետք է համաձայնեն այս և մյուս սկզբունքներին:
«Իրանց մոտ ինչ-որ տարօրինակ բան է, որ քարտեզները չկան, դելիմիտացված չեն, իրականում ամեն ինչ էլ կա, և 91 թվականի Ալմաթիի հռչակագրով երկու հանրապետությունները անկախացել են իրենց վարչական, սովետական սահմաններով, որը կա»,- ասաց Թորոսյանը:
Սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին պաշտոնական Երևանն առաջին անգամ խոսել է 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Սյունիքի մարզի Սև լճի տարածք: Հենց այդ օրերին Փաշինյանը հանդես եկավ զորքերը երկուստեք հետ քաշելու առաջարկով, որը, սակայն, Բաքվում դրական արձագանք չգտավ:
Հետագայում ևս հայկական կողմը պարբերաբար կրկնում էր այդ առաջարկը: Օրերս էլ այդ մասին խոսեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հույս հայտնելով այդ հարցում Բաքվի հետ համաձայնության գալ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ոչ միայն չընդունեց այս առաջարկը, այլ պնդեց, թե ադրբեջանական զինուժը իրենց տարածքներում է կանգնած:
«Ադրբեջանական բանակը այդ սահմաններին է հասել ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքով կամ հրավերով, այլ՝ ազատագրել է իր տարածքները 30 տարվա արյունահեղությունից հետո և այսօր կանգնած է սահմաններին», - ասել է Ջեյհուն Բայրամովը:
Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչը հակադարձում է՝ Ադրբեջանի այս պնդումը որևէ հիմք չունի: 44-օրյա պատերազմից հետո Բաքուն, հայկական կողմի տվյալներով, Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում օկուպացրել է շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Արսեն Թորոսյանը շեշտում է՝ եթե երկու երկրները ճանաչում են միմյանց սահմանները՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, ապա տարածքային ամբողջականությունը ողջ սահմանով պետք է վերականգնվի:
«Խոսքն ամբողջ սահմանի ընթացքով դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին է, ի դեպ, ոչ միայն Ադրբեջանը, այլև Նախիջևանի հետ: Այս կոնֆլիկտի ընթացքում՝ թե՛ թարմ ներխուժման ընթացքում, թե՛ 90-ականների ընթացքում եղած բախումների ժամանակ խախտված սահմանները պետք է վերականգնվեն», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:
Թե որ փուլում է հայկական կողմը պատկերացնում ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից, իշխանական պատգամավորն ասում է՝ կարևոր է, որ խաղաղության պայմանագրում սկզբունքներ հստակ ամրագրվեն: