Զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողը չգիտի՝ ինչու 15 զինծառայող դուրս չեկավ ննջասենյակից․ մանրամասներ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժենեսակրավորական վաշտի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։

Դատարանում այսօր հարցաքննվեց տուժող Լևոն Խառատյանը, որն այն զինծառայողն էր, ով, տեսնելով հրդեհը, փորձել է բաճկոնով հանգցնել կրակը, ապա, ըստ իրեն, Եղիշե Հակոբյանի հետ միասին ահազանգել են հրդեհի մասին, փորձել արթնացնել զինծառայողներին։

Նա դատարանում պատմեց, որ հունվարի 18-ին՝ մինչև դեպքը, զորամասում են եղել՝ «մինաներ տեղափոխել», հետո՝ գնացել են զինվորական կացարան, զբաղվել հիգիենայով, այնուհետև, թեև «քուն» հրաման այդ ժամանակ չունեին բառացի, բայց որքանով հիշեց զինծառայողը՝ գնացել են աղոթքի։


«Արամոն ասաց՝ աղոթենք, նոր քնենք։ Աղոթեցինք, հետո, որ ես պառկեցի արդեն, պետք է «կարաուլ» կանգնեի, ժամը կոնկրետ չեմ հիշում, բայց 23,00-00,00-ն ընկած ժամանակահատվածում։ 15-20 պակաս միշտ հանում էին մեզ հերթապահները, Ռադիկն է Մարտիրոսյան եկել հանել ինձ, որ գնամ կանգնեմ հերթապահ։ Գնացել եմ, հանդերձափոխվել եմ, Ռադիկի հետ գնացել ենք, փոխել եմ Հայկին»,- ասաց զինծառայողը՝ պատմելով, որ դրանից հետո մոտավոր մի քանի րոպե անց մտել է ներս, Եղօշե Հակոբյանն ասել է, որ փայտ բերի, վառարանը հանգել է;


«Փայտը գնում՝ բերում եմ։ Եղիշն ինչ-որ վառելիք է ուզում, ասում է՝ ինչով եք վառում, դե, հիմնականում վառում էինք սալյարկան՝ թեփի մեջ լցրած։ Այդ պահին ոնց որ ասում եմ՝ չգիտեմ, էլի, հիմա կոնկրետ որտեղ է։ Ինքն էլ ասում է՝ Վաղոյին ասեմ կամ Արսենին, որովհետև ինքը գիտեր, որ Վաղոն ու Արսենը դուրսն են։ Իրենցից մեկին եմ զանգահարում, չեմ հիշում՝ կոնկրետ ում, ասում եմ, իրենք էլ, կարծես թե ասել են, որ կբերեն, որովհետև այդպիսի բան չի եղել այսքան ժամանակ, որ ասենք՝ սալյարկա է պետք՝ վառարան կպցնելու համար, ինչ-որ մեկը հրաժարվի, որ բերի»,- ասաց տուժողը՝ պատմելով, որ դրանից հետո դուրս է եկել, պտտվել, հետո՝ թեյ կամ սուրճ վերցնելու համար ներս մտել․ «Տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն է վառվում ու ննջասենյակի դիմացի միջանցքն է վառվում։ Միանգամից մտնում եմ ներս, բռոննի-բան, սաղ հանում՝ գցում եմ։ Բուշլատով եմ փորձել հանգցնել, հետո հասկացա, որ չեմ կարողզնում հանգցնել, այդ ամբողջ ընթացքում անընդհատ գոռում էինք՝ «տագնապ ա, պաժառ ա, դո՛ւրս էկեք»։ Հետո զգում եմ, որ չեմ կարողանում հանգցնել՝ մտնում եմ կրակի մեջ, արդեն բոցը շատ տարածված էր, էլի, դուռը բացում եմ, դուրս եմ գալիս, ինձ գցում եմ ձների մեջ: Դրանից հետո, հիշում եմ, որ Եղիշն էր, էլի մեկ կամ երկու հոգի, պատուհանի մոտ էին, մարդ էին ուզում հանեին: Մի հոգի հիշում եմ, որ դուրս եկավ. իմ հիշելով՝ Գարուշն էր, էդ մի հոգին, որ դուրս եկավ: Մեկ էլ հիշում եմ, որ այդ 07 էր կամ 06՝ սպիտակ, որ մեզ տարան հոսպիտալ. անընդհատ՝ քնել-արթնացել, հետո կոմայի մեջ եմ եղել՝ 4 օր»։


Ինժեներասակրավորական վաշտում եղել է 22 զինծառայող, որոնցից մեկը՝ Արթուր Ծախաբեկյանը, դեպքի ժամանակ արձակուրդում է եղել, զինծառայողը չհիշեց, թե ումից է լսել, բայց իրեն ասել են, որ զինծառայողներից Վաղոն և Արսենը գնացել էին ջուր բերելու, իսկ Ռադիկը հերթապահն է եղել, մյուս զինծառայողները եղել են ննջարանում, որտեղից դեպքի ժամանակ կարողացել են դուրս գալ երկու զինծառայող՝ Ժիրայրը և Վարուժը։ Տուժողը չկարողացավ հստակեցնել, թե հենակետից ինչ հեռավորության վրա է տեղակայված եղել զինվորական ժամանակավոր կացարանը, բայց, ըստ նրա, մոտ 3-4 կմ հեռավորություն է եղել։

Պատահարներ