Միջազգային արձագանքը՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը ողջունել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված պատմական խաղաղության համաձայնագիրը: Նա դրա մասին նշել է X սոցիալական ցանցում արված գրառման մեջ:


«Այս կարևոր իրադարձությունը նշանավորում է խաղաղության, կայունության և համագործակցության դարաշրջանի սկիզբը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ վերապրել է մարդկային տառապանքներ պատճառած հակամարտություններ: Շնորհավորում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին այս պատմական համաձայնագրի կապակցությամբ, որը ձևավորում է տարածաշրջանի խաղաղ ապագան՝ հիմնվելով իմաստության, հեռատեսության և հավասարակշռված որոշումների վրա»,- ընդգծել է նա:


Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը:


«Այս պատմական համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովման ճանապարհին և ստեղծում է ամուր հիմք տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և զարգացման նոր հնարավորությունների համար: Վրաստանը շարունակում է անսասան մնալ խաղաղության առաջխաղացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման իր հանձնառության մեջ»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:



Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը:


«Մենք գնահատում ենք երկու կողմերի ջանքերը խաղաղության հասնելու, ինչպես նաև Դոնալդ Թրամփի ջանքերը: Հուսով ենք՝ այդ քայլը կբացի ճանապարհը Հարավային Կովկասում հետագա համագործակցության և բարգավաճման համար»,- ասված է հայտարարության մեջ:



Իսպանիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրերը կբացեն համագործակցության, փոխըմբռնման և զարգացման նոր փուլ՝ ի շահ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի։ 


«Իսպանիան ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև Սպիտակ տանը ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնագրերը և կարծում է, որ դա վճռական քայլ կլինի դեպի վերջնական խաղաղություն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում տասնամյակներ տևած հակամարտությունից հետո»,- ասված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք՝ եռակողմ հանդիպման արդյունքներով՝ ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին։

Քաղաքականություն