Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 2023 թ. դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ՀՀ ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը:


Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե է վճարվել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ:


Կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրից շահառուները կարող են օգտվել դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ մաքսազերծելով տրանսպորտային միջոցները Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, երկուշաբթիից-շաբաթ, ժամը` 08:30-19:00-ն:


Հավելյալ հերթերից և կուտակումներից խուսափելու, ինչպես նաև Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատշաճ և արագ սպասարկում ապահովելու նպատակով ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին մաքսային ձևակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ և ժամանակին՝ գործընթացը չթողնելով սահմանված ժամկետի վերջին օրերին:

Քաղաքականություն