ԱՄՆ-ում մտադիր են փոխել վիզաների տրամադրման համակարգը

ԱՄՆ-ում պատրաստվում են փոխել վիզաների տրամադրման համակարգը. այժմ դրանք թղթային չեն լինի: Այս մասին գրում է Business Standart-ը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


Նշվում է, որ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն որոշել է հրաժարվել ճանապարհորդների անձնագրերում փակցված թղթային վիզաների տրամադրումից եւ հայտարարել է վիզայի թվային թույլտվության տրամադրման համակարգի (DVA) գործարկման մասին: Նշվում է, որ նման որոշման ԱՄՆ-ն հանգել է Դուբլինում ամերիկյան դեսպանատանը իրականացված փորձի արդյունքներով:


Ինչպես նշել է պետքարտուղարի՝ վիզաների ծառայությունների գծով օգնականի տեղակալ Ջուլի Սթաֆթը, մարդկանց անհրաժեշտ կլինի հավելված կամ այլ բան, որը թույլ կտա նրանց ցույց տալ վիզայի կարգավիճակը՝ առանց անձնագրում ֆիզիկական փաստաթղթի:


Հստակեցվում է, որ մուտքի թույլտվություն ստանալու ընթացակարգը նույնն է լինելու։ Մասնագետների խոսքով՝ այն չի չեղարկում դիվանագիտական ներկայացուցչություններում հարցազրույցների ընթացակարգը։


Մինչ այդ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել էր, որ գերատեսչությունը կխստացնի մուտքի արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների ստացման կանոնները, որպեսզի նվազեցնի օրինական ներգաղթյալների հոսքը Թագավորություն տարեկան 300 հազար մարդով:



Քաղաքականություն