Գոմաղբն ու թռչնաղբն այսուհետ չի կարելի կուտակել բնակավայրերի մոտ

Կառավարությունն իր այսօրվա նիտում սահմանեց ՀՀ-ում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս բնապահպանական ամենահրատապ խնդիրներից մեկը գոմաղբի, թռչնաղբի պահեստավորումը, տեղափոխումը, վերամշակումը և վարակազերծումն է։ Հաճախ գոմաղբը և թռչնաղբը չի տեղափոխվում հատուկ վայրեր, այլ հեռացվում է գյուղացիական տնտեսությունների անմիջական հարևանությամբ:


Աստիճանաբար գոմաղբի հեռացման վայրերում հողը սկսում է օքսիդանալ և դառնում ոչ պիտանի գյուղատնտեսության մեջ երկարաժամկետ օգտագործման համար։ Ժամանակի ընթացքում ստորերկրյա ջրերը և մթնոլորտը ենթարկվում են աղտոտման, որի մեջ արտանետվում են ջերմոցային գազերի՝ մեթանի արտանետումները:


Յուրաքանչյուր օր ցանկացած անասնապահական ֆերմայում կուտակվում է մեծ քանակությամբ կենդանական արտաթորանք՝ գոմաղբ, թռչնաղբ որը հիանալի պարարտանյութ է մշակաբույսերի համար։ Բայց առանց պահեստավորման և վերամշակման այն վնասակար է մի շարք պատճառներով՝ դրանք պարունակում են վնասակար բակտերիաներ։


Գոմաղբի, թռչնաղբի քայքայման ժամանակ առաջացած գազերը վնասում են բույսերի արմատներին: Դրանցում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները և ավելորդ ջերմության առաջացումը նույնպես անբարենպաստ է, որն էլ բերում է բույսերի հիվանդություններով, բերքատվության նվազման և նույնիսկ ամբողջ բերքի ոչնչացման:


Գոմաղբի, թռչնաղբի ոչ պատշաճ պահպանումը, վերամշակումը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։ Գոմաղբի պահպանման պայմանների խախտումները կարող են նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը։


Այս նախագծով առաջարկվում է սահմանել գոմաղբի պահպանման, տեղափոխման, վերամշակման և վարակազերծման պահանջները, ինչը ուղղված է մարդու կյանքի և առողջությանը, կենդանիների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:


Միաժամանակ նախագծի ընդունմամբ խոշոր տնտեսվարողները, մասնավորապես թռչնաֆաբրիկաներին հնարավորություն կընձեռնվի թռչնաղբից ստանալ օրգանական պարարտանյութ:

Քաղաքականություն