3 բաժնետեր ունեցող, բայց որպես ազգային փոխադրող ներկայացող ավիաընկերությունը, շուտով կդադարեցնի թռիչքները․ «Ժողովուրդ»

Դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլևս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական և ֆինանսական հարցերի հետ կապված։

Լրատվականի աղբյուրները փոխանցում են, որ այս ավիափոխադրողը երբ եկել է դաշտ և գործունեություն է սկսել ծավալել, այդ ժամանակահատվածում FLy Arna ընկերության տնօրենն էր Դավիթ Փափազյանը։ Նա տարբեր մարդկանց աշխատանքի է տեղավորել, առանց համապատասխան մասնագիտացման՝ նրանց տալով լուրջ պաշտոններ և բարձր աշխատավարձեր։ Այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, ինչի համար կառույցը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները տարել ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, և Փաշինյանը որոշում է կայացրել՝ ավելի լավ կլինի՝ այս ընկերությունը չվերթ չիրականացնի։

Այս ընկերության ձախողումը կապվում է նաև Երեւանի քաղաքապես Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում։ Այս հարցը շատ թեժ է քննարկվում Աժ ՔՊ-ական պատգամավորների միջև, և բոլորը մեղավորներ են փնտրում։

Հավելենք նաև, որ ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող:

Քաղաքականություն

Պատահարներ