Հայաստանում ստեղծված արբանյակը առաջին անգամ տիեզերք կուղարկվի վաղը

Վաղը՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանում ստեղծված արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կարձակվի տիեզերք։ Կլինի նաև ուղիղ հեռարձակում։


«Հայասաթ-1»-ը տիեզերք կուղարկվի ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից՝ SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ Արբանյակի վրա գրված է՝ ARMENIA IN SPACE FOR SCIENCE, ինչը թարգմանաբար նշանակում է «Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության»։«Հայասաթ-1»-ը հայկական երկրորդ արբանյակն է, որը կարձակվի տիեզերք, և առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից՝ Հայաստանում։


Արբանյակն ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի համագործակցությամբ։ «Հայասաթ-1»-ը վիբրացիոն անհրաժեշտ թեստավորումներն անցել է Նիդեռլանդներում։ Բարեհաջող անցկացված թեստերից հետո ISISpace ընկերությունը տրամադրել է արտոնագիր, առանց որի SpaceX-ը չէր արձակի արբանյակը:  


«Հայասաթ-1» արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։ Արբանյակն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր ալեհավաքներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։

Քաղաքականություն