
Մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջն այժմ չի տարածվի Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների վրա

ԱԺ-ն ընդունել է «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագիծը, որովա Արցախից բռնի տեղահանված անձանց վրա չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը։
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը` ներկայացնելով օրենսդրական մանրամասները նշեց, որ գործող օրենքով բոլոր բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է ունենան հավաստագիր։ Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է բացառություն, որ այդ կարգավորումը չտարածվի Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների վրա։
«Իրականում հավաստագրի պահանջն իրենց վրա ևս տարածվելու է, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ, այս պահանջը չի տարածվի։ Դրանով ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին տրվում է ժամանակ, որ կարողանան իրենց կրեդիտները հավաքել, փաստաթղթերը շտկել, վերապատրաստումներ անցնել»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը։
Հիշեցնենք, որ արցախցիները չունեն այդ հավաստագրերը, քանի որ ԼՂ-ում չկար նման կարգավորում։