ԱԱԾ-ն մերժել է «դավաճանության» հոդվածով Բաբայանի դեմ վարույթ հարուցել

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։


ԱԱԾ-ն պնդոմ է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն անգամ նշել է՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։


Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացը։


Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։


ԱԱԾ ավագ քննիչը մերժելով քրեական վարույթի հարուցումը՝ ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։


«Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։


ԱԱԾ քննիչը հավելել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: