ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ՏՏ մի շարք ընկերությունների, որոնք կա՛մ ժամանակավոր չեն գործել կա՛մ լուծարվել են. «Հետք»
Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Ինչպես գրում է «Հետք»–ը, իրենք կարողացան պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները:
Նշվում է, որ որոշման նպատակն է եղել օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։
«Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։
ԲՏԱ նախարարության հետ պետական աջակցության պայմանագիր կնքած ընկերություններից չորսն այժմ լուծարման գործընթացում են, դրանցից երեքը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների։ Այսպիսով, պետությունը դրամաշնորհային ծրագրով փորձում էր աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին, որ նրանք կարողանան հաղթահարել ֆինանսական խնդիրները, բայց այս ընկերությունները լուծարման են գնացել դրամաշնորհը ստանալուց կարճ ժամանակ անց: «Օպտիմ Արմենիա» ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հենց պայմանագրի կնքման օրը՝ ստանալով 46 մլն դրամ: Չորս ընկերությունները («Օպտիմ Արմենիա» ՍՊԸ, «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ, «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ, «Հայլըրն» ՓԲԸ) միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 103 մլն դրամ։
Արտյոմ Բաղդասարյանը, մինչ «Օպտիմ Արմենիա» ընկերության լուծարման գործընթացը սկսելը, տնօրենն է եղել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընկերությունը, մինչ դրամաշնորհային պայմանագիր կնքելը, ԲՏԱ նախարարությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է լուծարման գնալ: Չնայած այս հանգամանքին` ԲՏԱ նախարարությունը 46 մլն դրամի դրամաշնորհային պայմանագիր է կնքել:
«Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։
«Կապիտալ հելթքեր» ՍՊԸ-ն ԲՏԱ-ի հետ պայմանագրի համաձայն, ստացել է 29 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, լուծարման գործընթաց ընկերությունը սկսել է հոկտեմբերի 19-ին։ Այն հիմնադրվել է 2020-ի մարտի 13-ին, պատկանում է համանուն օտարերկրյա կազմակերպությանը, որը գրանցված է ԱՄՆ-ում»,– գրել է կայքը։
Մանրամասները՝ կայքում: