Ֆրանսիայում ձերբակալել են ռուս միլիարդատեր Ալեքսեյ Կուզմիչևին
Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս միլիարդատեր, «Альфа-Групп»-ի համահիմնադիր Ալեքսեյ Կուզմիչևը։ Ինչպես գրում է Le Monde-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, նա կասկածվում է փողերի լվացման, հարկերից խուսափելու և այլ հանցագործությունների, այդ թվում՝ պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ։
Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել գործարարի տանը՝ Փարիզում, ինչպես նաև Սեն-Տրոպեում գտնվող վիլլայում։
Քննչական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է 60 մարդ, այդ թվում՝ 40 հատուկ ջոկատայիններ, որոնք հսկում էին երկու հեկտար զբաղեցնող վիլլայի տարածքը։
Կուզմիչևի կալանավորման փաստը հրատարակությանը հաստատել է ֆինանսական դատախազությունը։
Կուզմիչևը 2022 թվականի մարտին հայտնվել է Եվրամիության անձնական պատժամիջոցների տակ, որից հետո նա հրաժարական է տվել Альфа-банк-ի տնօրենների խորհրդից, որտեղ նրան պատկանում էր բաժնետոմսերի16%-ը։ Պատժամիջոցների շրջանակում Կուզմիչևին արգելվել է մուտքը ԵՄ, սակայն, ինչպես գրում է Le Monde-ը, այն ժամանակ, երբ նա ընդգրկված էր պատժամիջոցների ցուցակներում, նա արդեն Ֆրանսիայում էր։
Կուզմիչևի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է 6,4 միլիարդ դոլար։ Նա զբաղեցնում է 25-րդ տեղը ամենահարուստ ռուսների շարքում։