«Ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը»․ Թումանյանի թանգարանի տնօրենը դիմել է ԿԳՄՍ նախարարին

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 

«Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ… /Հ.Թ./
 

Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում (և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում):
 

Սա ձևակերպվում  է որպես միակ լուծում , քանի որ հակառակ դեպքում կհամարվի Գերատեսչության կողմից ընկրկում, իսկ առանց խոնարհումի և քծնանքի գործելը նախադեպային բնույթ կկրի. շատերի մոտ համարձակություն կծնվի: Վերջինս կարծես այդքան էլ լավ բան չէ: Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված: Սակայն վստահ եմ, որ Հովհ. Թումանյան թանգարանի բացառիկ նվիրյալ աշխատակիցների թիմային ու ներդաշն գործելու շնորհիվ շարունակվելու է  Հայաստանում և նրա սահմաններից դուրս, անգամ աշխարհի հեռավոր անկյուններում, հայ մարդուն և օտարին հաղորդակից դարձնելու առաքելությունը էն Անհուն աշխարհին, որ կոչվում է Թումանյանական խոսքի, մտքի աշխարհ: Քանի որ ամենուր այն ընդունվել է իբրև լույսի, ճշմարտության, հումանիզմի և իմաստնության ձգտման մի ճանապարհ: Եվ այդ ճախրանքը ոչինչ և ոչ մեկ չի կարող  կասեցնել: ՀՀ ԿԳՄՍ որոշ պաշտոնյաների՝ սեփական անգործությունը քողարկելու համար նման գործելաոճ որդեգրելը միայն ժպիտ է առաջացնում: 

Հարգելի՛ տիկին նախարար խնդրեմ հնարավորություն տվեք Ձեզ հետ հանդիպումների և բաց զրույցների՝ առանց միջնորդների»:

Քաղաքականություն