Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները. Մինասյանը մանրամասնում է

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ–ում դատավորները կկարողանան բողոքարկել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումները։ 

 

Նախարարը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` հավելելով, որ ՀՀ օրենսդրությամբ հնարավոր չէր բողոքարկել ԲԴԽ որոշումները: 

 

Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ–ի 4 անդամ ունեցող կազմը։ Նախարարը նշեց, որ բողոքարկման դեպքում ԲԴԽ որոշումները կրկին կքննվեն Բարձրագույն դատական խորհրդում, սակայն արդեն վեց անդամից բաղկացած կազմով։

Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվում է երկամսյա ժամկետ։

 

Մինասյանի խոսքով` ԲԴԽ–ի կայացրած հին որոշումները չեն բողոքարկվի, այսինքն` օրենսդրական այս փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ուղարկվեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։

Քաղաքականություն