
Արցախից բռնի տեղահանված 15 հազար երեխայի արդեն տրամադրվել է 100.000 դրամները. նախարար

ՀՀ կառավարությունն Արցախից բռնի տեղահանված շուրջ 14.600 երեխայի տրամադրել է 100.000-ական դրամ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Անչափահասների համար առանձին հարթակ է գործարկվել, որտեղ երեխայի մայրը պետք է լրացներ տվյալները, ինչից հետո գումարը կփոխանցվեր։ Շուրջ 30.000 երեխայից 27.300–ի համար արդեն դիմում ներկայացվել է։ Նախորդ շաբաթ նրանցից 14.593–ի գումարը կարողացել ենք վճարել։ Մյուս դիմումները մշակման փուլում են»,-ասաց Մկրտչյանը։
Նա շեշտեց, որ ավելի քան 80.000 քաղաքացի նույնպես ստացել է 100 հազարական դրամները։
Նախարարն անդրադարձավ նաև այն ծրագրին, որով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ստանում են նաև ամսական 50.000–ական դրամ օգնություն՝ բնակարանների վարձակալության և կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար:
«Նոյեմբերից մեր հայրենակիցները, որոնք սեփական բնակարան ունեն Հայաստանում, կստանան 10 հազար դրամ կոմունալ ծախսերի փոխհատուցման համար», - ասել է նախարարը:
Մկրտչյանը հավելեց, որ նախարարության խնամակալության կենտրոններում այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 200 տարեց: Ավելի քան 200 երեխա տարբեր օգնություն է ստանում նախարարությունից։
Պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։