Հասարակություն

Ռուսաստանի կողմից նվիրած նոր պարեկային նավերը բաց են թողնվել Սևանա լիճ

Ռուսաստանի կողմից նվիրած նոր պարեկային նավերը բաց են թողնվել Սևանա լիճ

Հոկտեմբերի 6-ին Սևանա լիճ դուրս բերվեցին պարեկային ծառայության մոտորանավերը։ 

ՀՀ ՆԳՆ հաղորդմամբ՝ արարողությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավար կազմը։ 

Կարևորելով ջրային պարեկային ծառայության տեխնիկական համալրման գործում արված ներդրումը՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալութուն հայտնեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին աջակցության համար։ 

Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց երկու երկրների ՆԳ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցներով ծառայության իրականացումը հնարավորություն կտա պարեկներին առավել արդյունավետ կատարել իրենց առաքելությունը։ 

Արա Ֆիդանյանն ընդգծեց Սևանա լճում և ափամերձ տարածքներում ինչպես քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, այնպես էլ հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ընթացքում ջրային փոխադրամիջոցների անհրաժեշտությունը։ 

Ներկաները նավերով շրջեցին Սևանա լճում՝ տեղում ծանոթանալով փոխադրամիջոցների հնարավորություններին և համալրվածությանը։ 

Դրանք կահավորված են ջրի վրա պարեկային ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքերով և միջոցներով։ Մոտորանավերը պատրաստ են ծառայության ցանկացած եղանակի։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ՌԴ ՆԳ նախարարությունը ՀՀ ՆԳ նախարարությանն է նվիրել մոտորանավեր և ծառայողական շներ, որոնք կնպաստեն Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների ծառայողական խնդիրների կատարմանը։ 

Զուգահեռ իրականացվում են նաև վերապատրաստումներ՝ դեկտեմբերին Սևանա լճի տարածքում ջրային պարեկային ծառայության գործարկման նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250