
Ադրբեջանը փորձում է Արցախում վերացնել հայկական ցանկացած վկայություն. հայր Գարեգին. ԶԼՄ

Ադրբեջանը փորձում է Արցախում վերացնել հայկական ցանկացած վկայություն, ուստի պետք է անկախ մոնիթորինգ իրականացվի թշնամու տիրապետության տակ մնացած հայկական պատմական ժառանգության նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր` ինչպես են ադրբեջանցի երկու զինծառայող կրակում Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի վրա։ Ադրբեջանի կողմից նման պահվածքը հայր Գարեգինը համարում է թշնամու կողմից ևս մեկ քայլ հայի ոգին կոտրելու և հայերի հոգևոր ապրումները նսեմացնելու ուղղությամբ։
««Պետք է անկախ գիտնականների խումբ, ուսումնասիրողների խումբ այցելի այն վայրեր, որտեղ գտնվում են մեր պատմական ժառանգությունները և արձանագրեն այսօրվա իրողությունը` տեսանյութերով, լուսանկարներով, ինչպիսի վիճակում է այսօր գտնվում, որպեսզի հնարավորինս կանխվի հետագա քանդումն ու պղծումը»,–նշել է հայր Գարեգինը։