ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը` թուրք նախարարի՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածի մասին հայտարարության վերաբերյալ
Հայաստանի համար անընդունելի է և «կարմիր գիծ է» Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։
Պատգամավորը մեջբերել էր այսօր Ստամբուլում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի` «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հայտարարությունը։ Թուրք նախարարն ասել էր, թե առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին։
«Եռակողմ հայտարարության մեջ սուվերենության որոշակի սահմանափակմամբ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը։ ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ»,– ասաց վարչապետը։
Միաժամանակ վարչապետն անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին` շեշտելով, որ Հայաստանը կողմ է Հորադիզ–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղու վերաբացմանը, և այն մեր երկրի համար կարևոր նախագիծ է համարում։ Հայաստանը կողմ է նաև տարածաշրջանի երթուղիների բացմանը։
«Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան` Հայաստանի տարածքով, այնպես էլ` Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները` Հայաստանի տարածքով հաղորդակցվեն։ Արդյոք մենք դե՞մ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրագծեր։ Ոչ, դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով և հետաքրքրված ենք։ Բայց այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,– շեշտեց վարչապետը։
Նա հիշեցրեց նաև, որ արդեն երկար ժամանակ է` կառավարության օրակարգում շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու նախագիծ` մեկը` Նախիջևանի, երկուսը` Ադրբեջանի արևմտյան շրջանների սահմանին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը
ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց 1 տարի առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը։ 2022 թվականի այս օր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով․ վարչապետ
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կառավարության նիստի մեկնարկին այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ փոխնախարարի անդրադարձը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարությանը
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...