Սարգիս Խանդանյանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին

Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը և այն երկրները, որոնք ունեն լծակներ, ավելի ու ավելի մեծացնեն ճնշումն Ադրբեջանի վրա և թույլ չտան հերթական պայթյունը մեր տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

 

«Գիտեք, որ բավականին սրված է իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թե ԼՂ-ի շուրջ, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում: Այս իրավիճակում մենք աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են որոշակի  լծակներ օգտագործել եւ ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերադառնա խաղաղության բանակցություններին կամ ավելի կոնստրուկտիվ լինի այդ բանակցություններին»,-ասել է նա:

 

Անդրադառնալով Հայաստանի՝ դեպի ՆԱՏՕ գնալու հնարավորությանը, Խանդանյանն ասել է. «ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկումները ռոմանտիզացվում են մեր հանրությունում: Կան երկրներ, որոնք չունեն հակամարտություններ, աշխարհի ամենախաղաղ երկրներն են ու այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, ինչպե՞ս եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ես ուղղակի տեխնիկապես և քաղաքական նկատառումներից ելնելով դրա հնարավորությունն ուղղակի չեմ տեսնում»:

 

Հարցին, իսկ նման ցանկություն Հայաստանն ունի, նա պատասխանել է. «Հայաստանի կառավարությունը երբևէ չի հայտարարել, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին․ բայց գիտեք, որ ՆԱՏՕ-ի հետ կա համագործակցություն տարբեր բնագավառներում, հատկապես կրթական եւ այլ համատեղ գործողությունների շրջանակներում»: