Այն ուժերը, որոնք պահանջել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, պետական շահով չեն առաջնորդվում. Հովիկ Աղազարյան

Ալիևը պատերազմի կրակը վառ է պահում, որ իր համար նպաստավոր ժամանակահատվածում այն վերածի ակտիվ ռազմական գործողությունների։ Չեմ բացառում, որ ուժեր կենտրոնացնեն սահմանին, մեր ուշադրությունը շեղելու համար և մեկ այլ տեղից գործողություններ իրականացնեն, բայց մենք ամեն օր ավելի ուժեղ ենք դառնում և պատրաստ՝ արժանի հակահարված տալու։ 24TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

 

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ պատգամավորը նշել է․ «Այն ուժերը, որոնք պահանջել են, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, նպատակ են հետապնդում Հայաստանում ևս իշխանափոխության հասնել։ Սատանայական միտք կա նրանց մոտ, պետական շահով չեն առաջնորդվում։ Սարսափելի բան կարող է տեղի ունենալ այդ ուժերի գործունեության արդյունքում և Սյունիքը կորցնենք։ 

 

Իր խոսքով՝ որոշ ուժեր կարող են Բաքվի հետ պայմանավորվածություն ձեռք բերել:

 

«Սյունիքը միանա Արցախին, դառնա երկրորդ Հանրապետութուն, Բաքուն միջանցք ունենան դեպի Նախիջևան և համեմատաբար խաղաղություն տիրի։ Ամեն դեպքում Արցախում վիճակը ծանր է, ովքեր պատասխանատվություն են վերցնում երկիրը ղեկավարելու, ո՞նց են լուծումը տեսնում, որոշ խմբեր արտաքին ուժերի ազդեցության տակ կարող են Զանգեզուր-Արցախ սցենարը խաղարկել»,– նշել է Հովիկ Աղազարյանը։