Մարտական ուղղաթիռների խմբաքանակ՝ Ուկրաինային․ Չեխիայի ՊՆ
Չեխիան պլանավորում է մոտ ապագայում մարտական ուղղաթիռների խմբաքանակ տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև մասնակցել ուկրաինացի օդաչուների ուսուցման ծրագրին ամերիկյան F-16 կործանիչներով թռչելու համար։
Այս մասին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, ով Իսպանիայում մասնակցում է ԵՄ պաշտպանության և արտգործնախարարների հանդիպմանը։
«Ներկայումս մենք պլանավորում ենք Ուկրաինային մատակարարել ավելի շատ մարտական ուղղաթիռներ, ինչպես նաև քննարկում ենք ուղիներ՝ պատրաստելու ուկրաինացի օդաչուներին F-16 ինքնաթիռների համար», - ասել է Չերնոխովան։
Ուղղաթիռների քանակը նա չի նշել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիան ավելի քան 790 միլիոն դոլարի գործարք է կնքել ԱՄՆ-ի հետ ամերիկյան 12 մարտական ուղղաթիռներ ստանալու համար։ Չեխական մամուլը ենթադրում է, որ ամերիկյան ուղղաթիռները ստանալուց հետո Չեխիան կարող է Ուկրաինային փոխանցել իր սպառազինություններում գտնվող 15 ռուսական Մի-24 ուղղաթիռները։