
Պրիգոժինի գաղտնի հուղարկավորության որոշումն ընդունվել է Պուտինի վարչակազմի և հատուկ ծառայությունների կողմից. The Moscow Times

«Վագներ» ՄՌԿ–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը կազմակերպելու որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահի վարչակազմը հատուկ ծառայությունների հետ միասին։ Այս մասին հայտնել է The Moscow Times-ի լրագրող Պյոտր Կոզլովը՝ վկայակոչելով ռուս ներկայիս երկու պաշտոնյաների։
Լրագրողի զրուցակիցների խոսքով՝ հուղարկավորության ձևաչափի հարցը քննարկվել է Կրեմլի և ԱԴԾ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ մի քանի հանդիպումներում։ Նրանք պնդում են, որ որոշման մշակմանը մասնակցել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
Պաշտոնյաներից մեկն ասել է, որ խնդիրն այնպես է դրված, որ «երբ Պրիգոժինի դիակով դագաղը գերեզման իջեցնեն, շուրջը քաղաքացիների, վարձկանների և համախոհների զանգվածային կուտակումներ, ինչպես նաև հեռարձակումներ և լուսանկարներ չլինեն»։
Լրագրողի մեկ այլ զրուցակից ասել է, որ երկրի ղեկավարությունը «չի կարողացել ներել» Պրիգոժինին։ Նրա խոսքով, «նույնիսկ դավաճանության մասին չէ, այլ նվաստացման»:
«Պրիգոժինը, արդարության իր կոչով, կոշտ և հաճախ ճշմարտացի հայտարարություններով, հույզեր առաջացրեց ռուսների մոտ և նրանց համար դարձավ ոչ թե Ռուսաստանի ֆորմալ հերոս, այլ «ժողովրդական հերոս»: Իսկ մեզ պե՞տք են Մոսկվա գնացած հերոսներ, ոչ»,-ասել է պաշտոնյան։
Պաշտոնապես Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության օրն ու վայրը չի հաղորդվում։ Օգոստոսի 29-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգում Հյուսիսային և Սերաֆիմովսկի գերեզմանոցներում ոստիկաններ և վագներականներ են նկատել։ Հյուսիսային գերեզմանատանը հուղարկավորվել է կործանված բիզնես-ջեթի ուղեւորներից մեկը՝ Պրիգոժինի կառույցների թոփ-մենեջեր Վալերի Չեկալովը։ Ժամը 17:00-ի սահմաններում Պրիգոժինի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի մասնավոր հրաժեշտի արարողությունը։
Պրիգոժինին թաղել են Պորոխովի գերեզմանատանը՝ հոր կողքին։ Պրիգոժինի հուղարկավորության մասին հաղորդումներից հետո ոստիկանության աշխատակիցները, ռազմական ոստիկանությունը, կինոլոգները, ականազերծման մասնագետները սկսել են հսկել գերեզմանատունը: