
Bild–ը հրապարակել է Վլադիմիր Պուտինի մասին Մակրոն–Շոլց հեռախոսազրույցից մանրամասներ

Bild–ը մանրամասներ է ներկայացրել 2022 թվականի մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Մակրոն-Շոլց զրույցից, գրում է RTVI–ը:
2022 թվականի մարտի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, իսկ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները՝ անկախ։ Ըստ Bild տաբլոիդի՝ այդ մասին է վկայում Գերմանիայի կառավարության ղեկավարի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի այն ժամանակվա զրույցի սղագրությունը։
Լրատվամիջոցը ներկայացրել է այդ զրույցից կարևոր դրվագներ.
«Ինչ–որ բան ինձ անհանգստացնում է ավելի, քան բանակցությունները. նա (Պուտինը) ընդհանրապես չի դժգոհում պատժամիջոցներից։ Ես չգիտեմ, թե արդյոք նա դա արել է ձեզ հետ խոսելիս: Բայց նա ընդհանրապես չի նշել պատժամիջոցների մասին»,- ասել է Շոլցը Մակրոնին։
«Ես պատմեցի իմ բոլոր պատկերացումների մասին, թե ինչպես գտնել փոխզիջում,… խոսեցի ապառազմականացման, ապաազգայնականացման մասին»,- Պուտինի հետ իր զրույցի բովանդակության մասին խոսել է Շոլցը։
«Նա խնդրեց ինձ ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, և այդ հանրապետությունների (ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի) անկախությունը։ ... Ոչ մի նոր բան, անկեղծ ասած»,- Շոլցի խոսքերը մեջբերել է Bild-ը:
«Նա նշեց երկու պայման. Նախ՝ դա չպետք է հրադադարի պատճառ հանդիսանա։ Բացի այդ, նա խոսում էր միայն մեր երեքի մասին՝ քո, իմ ու իր մասին։ Առանց (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու»,- ասել է Շոլցը Ուկրաինայի հարցով պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման Պուտինի պայմանների մասին։
Կանցլերի խոսքով՝ Պուտինն այն ժամանակ ասել է նաև, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Լեհաստան, քանի որ ցանկանում է խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ ամերիկյան կողմից «ցուցումներ» ստանալու համար։ Մակրոնը Շոլցին պատասխանել է, որ Պուտինի հետ իր երկխոսությունը «շատ նման է»։
Հրապարակման համաձայն՝ Շոլցի և Մակրոնի հեռախոսազրույցը, որի մասին գրում է Bild-ը, տեղի է ունեցել Ուկրաինայում ռազմական գործողությունների իններորդ օրը՝ 2022 թվականի մարտի 4-ին։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Պուտինի հետ իրենց բանակցությունները։