ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում զիջումների գնալ պաղեստինցիների հարցում՝ Էր Ռիադի հետ հարաբերությունները կարգավորելու համար

Սպիտակ տունը Իսրայելի կառավարությանը հայտնել է, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի կնքումը հնարավոր է միայն պաղեստինցիների որոշ պահանջների կատարման դեպքում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 

Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը անցյալ շաբաթ այցելեց Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու Սպիտակ տան և Պետդեպարտամենտի հետ Սաուդյան Արաբիայի հետ մեգահամաձայնագրի շուրջ: 

ԱՄՆ-ի չորս ներկա և նախկին պաշտոնյաներ Axios-ին ասել են, որ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դերմերի հետ զրույցներում բարձրացրել են պաղեստինցիներին Իսրայելի զիջումների անհրաժեշտությունը՝ որպես Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի մաս: 

Բլինքենն ընդգծել է, որ հաջողությունն անհնար է առանց նման քայլերի. օրինակ՝ Էր Ռիադը պետք է արաբական և մուսուլմանական աշխարհին ցույց տա պաղեստինցիների հետ կապված իրավիճակի դրական միտումներ։ 

Պորտալի զրուցակիցների խոսքով՝ Բլինքենը հավելել է, որ Իսրայելը «սխալ է գնահատում իրավիճակը», եթե կարծում է, որ ստիպված չի լինի գնալ զիջումների։ Մյուս կողմից, Դերմերը Սալիվանի և Բլինքենի հետ զրույցում չէր շտապում քննարկել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի հնարավոր քայլերը, սակայն խոսել է Իսրայելի պատրաստակամության մասին՝ ճանաչելու Սաուդյան Արաբիայի՝ խաղաղ միջուկային ծրագիր մշակելու իրավունքը։