Սաուդյան ակումբը պատրաստ է Սալահի համար «Լիվերպուլին» վճարել ավելի քան 90 մլն եվրո

Սաուդյան Արաբիայի ակումբը շարունակում է պայքարը «Լիվերպուլի» 31-ամյա եգիպտացի հարձակվողի համար: «Ալ-Իթթիհադը» պատրաստ է Մոհամեդ Սալահի համար վճարել ավելի քան 90 միլիոն եվրո: Այս մասին տեղեկանում ենք sports.ru-ից։ 

 

«Ալ-Իթթիհադը» հույս ունի, որ նոր առաջարկի չափը կարող է փոխել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի դիրքորոշումը, ով նախկինում չէր ցանկանում բաժանվել Սալահից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր ակումբում հարձակվողը երկու մրցաշրջանի համար կարող է ստանալ 180 միլիոն եվրո: Լրագրող Ռուդի Գալետին հայտնում է, որ եթե «Լիվերպուլը» համաձայնի նման պայմանների, ապա տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը Սաուդյան լիգայի պատմության մեջ (առանց բոնուսների):

 

Հիշեցնենք՝ հայտնել էինք,որ  «Ալ-Իթթիհադը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալհեյնսի ծառայություններով, հայտնում է սաուդցի լրագրող Ահմեդ Ալ-Աջլանը։ Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբի նախագահը Լոնդոնում հանդիպել է 25-ամյա բրազիլացու հետ։ Միաժամանակ բանակցություններ են ընթանում «զինագործների» հետ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Արսենալը» մտադիր չէ վաճառել պաշտպանին: Լոնդոնյան ակումբը նույնիսկ չի սկսել նշել մոտավոր գինը, որը ցանկանում է ստանալ։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 3 հանդիպում և գոլ չի խփել։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։