
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և իր կինը ամուսնալուծվել են

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆին, հայտնել են, որ բաժանվում են 18 տարվա համատեղ կյանքից հետո:
«Սոֆին և ես ցանկանում ենք հայտնել, որ բազմաթիվ բազմանշանակ և բարդ զրույցներից հետո մենք որոշում ենք կայացրել բաժանվել», - գրել է Թրյուդոն իր թվիթերյան էջում:
«Ինչպես միշտ, մենք մնում ենք հարազատ մարդիկ՝ կապված միմյանց և այն ամենի հանդեպ սիրով ու հարգանքով, ինչ կառուցել ենք և շարունակելու ենք միասին կառուցել», - գրել է 51-ամյա վարչապետը:
Նրա գրասենյակը հայտնել է, որ ամուսինները պաշտոնապես ստորագրել են առանձին բնակության մասին համաձայնագիրը ։ «Նրանք հոգացել են, որ իրենց որոշման հետ կապված ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ իրավական և էթիկական քայլերը և այսուհետ կշարունակեն այդպես վարվել», - հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:
Կանադայում առանձին բնակության մասին պայմանագիրը պաշտոնական ամուսնալուծություն չէ, որը հաստատում է դատարանը, չի հանդիսանում ամուսինների բաժանման իրավաբանորեն ձևակերպված որոշում: Առանձին կացությունը ժամանակ է տալիս կարգավորելու, եթե ոչ զույգի հարաբերությունները, ապա գոնե ամուսնալուծության ֆինանսական կողմի և երեխաների խնամակալության հետ կապված հարցերը: Մեկ տարվա ընթացքում առանձին կացությունը կարող է հիմք հանդիսանալ վերջնական ամուսնալուծության համար:
«Հանուն մեր երեխաների բարեկեցության, մենք խնդրում ենք ձեզ հարգանքով վերաբերվել մեր և նրանց անձնական կյանքին», - խնդրել է երկրի վարչապետը: