
Գորիսի պահեստներում 448 տոննա հումանիտար օգնություն կա, որը չենք կարողանում ուղարկել․ Խաչատրյան

Գորիսի՝ ԼՂ կառավարության պահեստներում կա 448 տոննա հումանիտար օգնություն, որը չենք կարողանում ուղարկել։ Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչատրյանը:
Անցած տարվա դեկտեմբերից, երբ բնապահպանական կեղծ պատրվակով Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, Գորիսում Արցախի կառավարության նախաձեռնությամբ սկսել են պահեստավորել հումանիտար օգնությունը: Վերջին անգամ Գորիսի պահեստներից դեպի Արցախ մատակարարում իրականացվել է հունիսի 7-ին՝ ռուս խաղաղապահների մեքենաներով:
Արցախի կառավարության պահեստների պատասխանատու Արկադի Գասպարյանը լրատվամիջոցին ասել է, որ ամբարներում այս պահին պահեստավորված են սերմացու, հնդկաձավար, ոլոռ, կորնգան, հաճար:
«Առ այսօր կարողացել ենք Արցախ ուղարկել 1296 տոննա ստացած հումանիտար օգնություն: Այս պահի դրությամբ, ցավոք, դեռ պահեստներում առկա է 448 տոննա հումանիտար օգնություն, որը չենք կարողանում ուղարկել Արցախ:
Բացի դրանից՝ շեշտեմ, որ այն, ինչ մենք ունենք Գորիս քաղաքի պահեստներում, դրանով չի սահմանափակված տրամադրված օգնությունը: Մոտ 380 տոննա բեռ այս պահին կա Երևանում: Կան կազմակերպություններ, որոնք ևս պատրաստակամ եմ տրամադրել օգնություն: Այդ ամեն ինչը կախված է նրանից, թե երբ կբացվի ճանապարհը, և երբ մենք կկարողանանք ուղարկել: Րոպե շուտ այդ բեռը պետք է հասնի Արցախ, որովհետև իրականում մեր հայրենակիցների վիճակը ժամ առ ժամ վատանում է: Չկան առաջին անհրաժեշտության պարագաներ, չկա սնունդ, չկա դեղորայք»,- ասել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչատրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։